Նորություններ /

17/04/19

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ…

Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ՀՖԿՍՊԻ-ի ՍՄԿ ֆակուլտետի Ըմբշամարտի ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանի հաղթանակը հպարտության ու ցնծության անմոռանալի րոպեներ պարգևեց ողջ հայ ազգին:

Նորընծա չեմպիոնի կամային հաղթանակը ամենահիշարժան նվաճումներից է մասնավորապես ինստիտուտի համար. ռեկտոր Վահրամ Առաքելյանի գլխավորությամբ պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորեց իր ուսանողին մեծ հաղթանակի առիթով:

Բուհի ռեկտորն իր խոսքում ընդգծեց գոտեմարտում ըմբիշի ցուցաբերած կամային նախանձելի որակների մասին, շեշտեց՝ այս հաղթանակով երիտասարդ մարզիկը սկիզբ դրեց չեմպիոնական մի նոր ուղու, որը պատվո հարթակին կանգնելու առավել մեծ հնարավորություններ է պարգևելու մարզական Հայաստանին: Ռեկտոր Վ. Առաքելյանը չեմպիոնին փոխանցեց բուհի պրոֆեսորադասախոսական ողջ կազմի և բոլոր ուսանողների հիացմունքն ու հպարտության զգացողությունները՝ Արսենին մաղթելով նորանոր հաղթանակներ ու նվաճումներ: Ըմբիշն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ շնորհավորանքների ու մաղթանքների համար, ապա կիսվեց առաջնությունից ունեցած իր տպավորություններով՝ նշելով, որ ամենահիշարժանը եզրափակիչ գոտեմարտն էր։

«8-0 հաշվով պարտվում էի. եզրափակիչ գոտեմարտը շատ բարդ էր, բայց մրցակիցս ավելի շատ հոգնեց։ էներգիաս ավելացավ այդ պահին, կարողացա գորգում լավ «աշխատել» և հետ բերել կորցրածս միավորները։ Միշտ կհիշեմ այդ գոտեմարտը, որ չընկճվեցի, ավելի հավաքվեցի ու գնացի հաղթելու››,- իր խոսքում առաձնացրեց 19-ամյա մարզիկը:

Խոսելով նոր սկսվող չեմպիոնական ուղու, հետագա նպատակների մասին՝ Արսենը ընդգծեց, որ շարունակելու է անսպառ եռանդով ու նպատակասլացությամբ մարզվել, առաջ շարժվել՝ գրավելով նոր բարձունքներ:

Հանդիպման ավարտին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ. Առաքելյանը չեմպիոն ուսանողին հանձնելով պաարգևավճար՝ ևս մեկ անգամ շնորհավորեց մեծ հաղթանակի առիթով: