Նորություններ /

25/10/16
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը շարունակում է իրականացնել կրթական ծրագրերի բարեփոխումներ, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը և կրթական ծրագրերի համապատասխանեցմանը միջազգային ծրագրերին` որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը և կրթական ծրագրերի համապատասխանեցմանը միջազգային ծրագրերին` նպատակ ունենալով ընդլայնել միջազգային համագործակցությունը, նպաստել ուսանողների և դասախոսների շարժունությանը:

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մեկնարկեցին բուհի Որակի ապահովման, Միջազգային գիտատեղեկատվական և Մագիստրատուրայի բաժինների համատեղ կազմակերպած «Սպորտային մենեջմենտ և մարկետինգ» թեմայով սեմինարի աշխատանքները: Քառօրյա սեմինարը կվարի Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի Սպորտային մենեջմենտի և տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Մայա Բոնդարենկոն: Դասընթացների հիմնական նպատակը ծրագրի մասնակիցների լավագույն փորձի փոխանակումն է: Փորձի փոխանակման ծրագրով իրականացվող դասընթացները նախատեսված են ինստիտուտի մագիստրոսական ծրագրով սովորող ուսանողների, երիտասարդ դասախոսների համար:

Մ. Բոնդարենկոյին նախ ողջունեց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը` բարձր գնահատելով ռուսաստանյան գործընկերոջ լավագույն փորձի ուսումնասիրումը և դրա կիրառումը մագիստրոսական կրթության կատարելագործման աշխատանքներում:

Հատկանշական է, որ Մ. Բոնդարենկոն մագիստրանտների հետ հանդիպման հենց սկզբում գերադասեց լսել նրանց հարցադրումներն ու մտահոգությունները` հստակեցնելու հայ ուսանողներիպատկերացումները ու մոտեցումները սպորտային մենեջմենտի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:

Այնուհետև սեմինարավարը ներկայացրեց Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայում գործող մագիստրոսական կրթական ծրագրի հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները: Նա համառոտ ներկայացրեց նաև գիտահետազոտական աշխատանքների ընթացքը, փուլերը, հետազոտության մեթոդները և աշխատանքի կառուցվածքը, խոսեց գրագողությունից խուսափելու մասին:

Առանձին զեկուցմամբ ներկայացվեցին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գերիշխող միտումները, որոնք կանխորոշում են մարզական կառույցների, կրթահամալիրների գործունեության և կառավարման առաջնահերթությունները` ինչպես, օրինակ` պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության, պատշաճ վերահսկողության և մենեջմենտի պակասը:

Աշխատանքային առաջին օրը բավականին հագեցած էր: Քննարկումների ընթացքում մագիստրանտները բարձրաձայնեցին սպորտային մենեջմենտի և մարկետինգի, Հայաստանում դրա կիրառման ուղիների, ինչպես նաև զարգացման հեռանկարների վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

Մ. Բոնդարենկոն նկատեց, որ իրենց բուհի շրջանավարտները հաջողությամբ են գիտելիքները կիրառում իրենց ամենօրյա աշխատանքում և վստահեցրեց, որ երկու բուհերի միջև ուսանողների փոխանակման ծրագրի արդյունքները մոտ ապագայում տեսանելի են լինելու: