Նորություններ /

23/03/17

ՄԻՋԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՆԵՐ

Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների և Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետների 3-րդ կուրսերի ուսանողների մանկավարժական պրակտիկայի ամփոփիչ շաբաթներն ընթանում են մարզական հագեցած իրադարձություններով, որոնք մեր ուսանողների շնորհիվ վերածվում են մարզական տոնի` տվյալ դպրոցի աշակերտների համար:

Պրակտիկանտները մարզական հերթական ստուգատեսը կյանքի կոչեցին Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 և Վահան Զատիկյանի անվան հ. 90 հանրակրթական դպրոցներում` անցկացնելով միջդասարանային սպորտլանդիաներ:

Մինչ մրցույթ-խաղերի մեկնարկը, Խ.Հայրիկի անվան դպրոցում պրակտիկանտ ուսանողները մեթոդիստ, ՀՖԿՍՊի-ի Մարմնամարզության ամբիոնի ասիստենտ Գոհար Ղարիբյանի ղեկավարությամբ մտահղացել էին մարզական միջոցառման նաև գեղարվեստական մասը: Դպրոցի աշակերտները ներկայացան տարբեր երկրների ազգային պարերով, ըմբշամարտի զանազան հնարքներով, որոնք անտարբեր չթողեցին ներկաներից ոչ մեկին:

Ուսանողները չէին կարողանում թաքցնել իրենց ոգևորությունն ու հուզմունքը, ինչն իր հերթին նպաստեց մասնակիցների մարտական տրամադրվածությանը՝ ի վերջո հաղթանակի դափնիները շնորհելով «Արծիվներ» թիմին: Մրցանակի և պատվոգրերի հանձնման արարողության ժամանակ դպրոցի տնօրեն Գայանե Մարտիրոսյանը շնորհավորեց ոչ միայն հաղթողներրին, այլև մարզական մեծ իրադարձության բոլոր մասնակիցներին՝ հատուկ շնորհակալություն հայտնելով ՀՖԿՍՊԻ-ին և բուհը ներկայացնող տասը պրակտիկանտներին, ովքեր ջանք չէին խնայում իրենց վստահված պատասխանատու աշխատանքը բարձր որակով կատարելու համար, ինչը նրանց, իրավամբ, հաջողվեց: Իսկ Ֆիզիկական դաստիարակության և տեսության ամբիոնի վարիչ Յուրա Գրիգորյանն իր խոսքում կարևորեց ֆիզիկական դաստիարակության և կրթության ոլորտում համագործակցության շարունակականությունը, ինչն ուսանողներին հնարավորություն կտա կատարելագործելու իրենց մանկավարժական կարողությունները:

Տոնական տրամադրությունը գերիշխում էր նաև Վահան Զատիկյանի անվան հ. 90 հանրակրթական դպրոցում, որտեղ ՀՖԿՍՊԻ-ի Աթլետիկայի ամբիոնի ասիստենտ Էրիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ բուհի պրակտիկանտներն իրականացրեցին «Գարնանամուտ» սպորտլանդիան:

Պրակտիկայի մեթոդիստ Է. Մարտիրոսյանի խոսքով՝ այս սպորտլանդիայի նպատակն էր դպրոցահասակ երեխաների շրջանոմ ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրությունն ամրապնդելը ու առողջ ապրելակերպի սերմանումը: