Նորություններ /

16/05/17

ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Մայիսի 12-14-ը Ստեփանակերտում տրվեց ՀՖԿՍՊԻ-ի և Ստեփանակերտի քաղաքապետարանի 2017-2020թթ. համագործակցության, փորձի փոխանակման ծրագրի մեկնարկը։

Նախաձեռնության անմիջական հեղինակն ու իրականացնողն էր բուհի Մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ այս ծրագիրը նախանշում էր տեղի դպրոցների ուսուցիչների և հանրակրթական կառույցների ներկայացուցիչների համար նշանակալի և արժեքավոր գործընթացի մեկնարկ՝ 13 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 28 ուսուցիչների հնարավորություն կտրվի մասնակցելու վերապատրաստման և որակավորման դասընթաց-սեմինարների, փոխայցելությունների շրջանակում պայմաններ կապահովվեն ուսումնասիրելու բուհի գործընկերների փորձը՝ արդիականացնելով ֆիզիկական կուլտուրայի և խաղային մարզաձևերի դասավանդման մոտեցումները:

Վահրամ Առաքելյանի անմիջական հանձնառությամբ Ստեփանակերտի դպրոցներին նվիրաբերվեց մարզագույք, հայալեզու մասնագիտական գրականություն՝ նվիրված ֆիզիկական կուլտուրայի դասավանդման բարեփոխված չափանիշներին, շարժախաղերի կանոնների նկարագրմանը: Դպրոցներում ՀՖԿՍՊԻ-ի ստեղծած գրադարանը պարբերաբար կհամալրվի նոր հրատարակություններով:

Պարոն Գրիգորյանի համոզմամբ՝ այս ծրագիրը շարունակական գործընթաց է: Ուսուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ավարտին անցկացվեց Մինիվոլեյբոլի միջդպրոցական առաջնության վիճակահանության արարողությունը: Մարզախաղերի ամբիոնի ասիստենտներ Դրաստամատ Մուրադյանի և Կարեն Ասմարյանի մրցավարությամբ ընթացող խաղերը մաստեր-կլաս էին ուսուցիչների համար, մարզական տոնակատարություն՝ երեխաների համար: Մարզական կարևոր ստուգատեսի ընթացքին հետևում էր նաև քաղաքապետը:

Երեխաների անթաքույց ոգևորությունը փոխանցվել էր հատկապես ուսուցիչներին, ովքեր վստահորեն նշում էին՝ առաջնությանը պարտվողներ չկային. հաղթողը սպորտն է, որը համախմբել էր բոլորին մեկ հարկի տակ։

Մրցաշարի ավարտին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և ՀՖԿՍՊԻ-ի պատվիրակության ղեկավար Հարություն Մելքոնյանը կատարեցին պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ հաղթող թիմերին հանձնելով հավաստագրեր, մեդալներ և հաղթական գավաթը: Առավել սպասված էր եռօրյա այցի վերջին հանդիպումը, որի ընթացքում բուհի դասախոսները շուրջ երեսուն ուսուցիչների համար անցկացրեցին մասնագիտական հմտությունների որակավորման քննություն: Ուսուցիչները նմանօրինակ ծրագրի առաջին անգամ էին մասնակցում: Վերապատրաստման ծրագրի բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, որոնք վկայում են, որ Ստեփանակերտի երեխաների մարզական ապագան հուսալի ձեռքերում է: