Նորություններ /

30/05/17

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ

Կրթական համակարգի որակի ապահովման բաժնի պետ Արայիկ Գյոզալյանի անմիջական նախաձեռնությամբ և ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանի աջակցությամբ օրերս անցկացվեց եռօրյա միջազգային խորհրդաժողով` նվիրված մասնագիտական կրթական ծրագրերի արդյունավետության, դասավանդման որակի բարձրացման, դասախոսական կազմի շարունակական գնահատման ընթացակարգերի արդի մոտեցումներին ու պահանջներին:

"Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամ", "Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում" ծրագրերի շրջանակում իրականացված աշխատաժողովի գլխավոր հյուրն էր միջազգային փորձագետ Հիլդա Շիլսը, ով ղեկավարում է Բելգիայի Թոմաս Մուր համալսարանական քոլեջի Որակի կառավարման բաժինը: Խորհրդաժողովին մասնակցում էր բուհի պրոֆեսորադասախոսական կազմից ձևավորված աշխատանքային թիմը, որը ներգրավված է նաև բուհի ներքին որակի ապահովման մշտադիտարկման գործընթացներում:

Հ. Շիլսը առանձնահատուկ անդրադարձավ կրթական ելքային արդյունքներ ձևավորելու եվրոպական փորձին, որը նպատակաուղղված է ուսանողի առաջընթացի ու ինքնազարգացման անհրաժեշտ նախադրյալների ապահովմանը: Ա. Գյոզալյանի խոսքով, սեմինարի նպատակն է` թիրախավորել բուհի կարիքները, քննարկել ներկայումս բուհում ընթացող բարեփոխումները` զարգացնելով միջազգայնացման, ուսանողների և դասախոսական կազմի շարժունության ծրագրերը, որոնց իրականացման համար աշխատաժողովը ստեղծեց անհրաժեշտ իրավական հիմքեր:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ. Առաքելյանը և միջազգային գործընկեր համալսարանի պատվիրակ Հ. Շիլսը կնքեցին շարունակական համագործակցության պայմանագիր, որն այսուհետ հնարավորություն կտա երկու բուհերին համատեղ իրականացնել հետազոտական ծրագրեր, փորձի փոխանակման նպատակով կատարել փոխայցելություններ և, ամենակարևորը` ընդլայնել և խորացնել միջազգայնացման և ուսանողների շարժունության համագործակցությունը: