Նորություններ /

03/10/17

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Հոկտեմբերի 2-ին Աղվերանում մեկնարկեցին ՀՀ Կրթական ծրագրերի կենտրոնի և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող "Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամ"-ի "Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում" եռօրյա աշխատաժողովի աշխատանքները:

Սեմինարի նպատակն է թիրախավորել բուհի կարիքները, քննարկել ներկայումս բուհում ընթացող բարեփոխումները` զարգացնելով միջազգայնացման, ուսանողների և դասախոսական կազմի շարժունության ծրագրերը:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արամ Գրիգորյանը նախ ողջունեց ծրագրի մասնակիցներին ՝ համոզմունք հայտնելով, որ ծրագրի բարեհաջող մեկնարկը սկիզբ կդնի արդյունավետ և շարունակական գործընթացների:

Աշխատաժողովի գլխավոր հյուրեր են` միջազգային փորձագետներ, Լատվիայի Սպորտի ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդրա Կուպրիկան և նույն համալսարանի Մենեջմենտի և հաղորդակցության բաժնի տնօրեն Սիգնե Լուկան: Խորհրդաժողովին մասնակցում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմից ձևավորված աշխատանքային թիմը, որը ներգրավված է նաև բուհի ներքին որակի ապահովման մշտադիտարկման գործընթացներում:

ՀՖԿՍՊԻ-ի Որակի ապահովման բաժնի պետ, "Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում" ծրագրի ղեկավար Արայիկ Գյոզալյանն իր զեկույցում անդրադարձավ բուհում ընթացող բարեփոխումներին ու զարգացումներին, ներկայացրեց գիտահետազոտական ծրագրերի զարգացման հայեցակարգի նախագիծը, որը կիրականացվի մի քանի փուլերով:

Զեկուցումով հանդես եկավ նաև ՀՖԿՍՊԻ-ի Ֆիզիկական դաստիարակության և տեսության ամբիոնի վարիչ Յուրա Գրիգորյանը, ով հյուրերին ներկայացրեց ֆիզիկական դաստիարակության և կրթության ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները: Ֆիզիկական կրթության ոլորտի մարտահրավերների և զարգացման միտումների մասին խոսեց նաև Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Ա. Կուպրիկան՝ անդրադառնալով նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության և կրթության պլանավորման և կառավարման հիմնախնդիրներին՝ կարևորելով կրթության ներքին որակի հսկողության արդյունավետ և նպատակային մեխանիզմների կիրառումը:

Աշխատաժողովի առաջին օրվա աշխատանքներն ամփոփվեցին խմբային քննարկումներով, որոնց ընթացքում հնչած առաջարկություններն ու դիտողությունները հիմք կդառնան զարգացման հետագա ծրագրերի մշակման և իրականացման համար: