Նորություններ /

24/10/17

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հոկտենբերի 24-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մեկնարկեցին «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային առաջին գիտաժողովի աշխատանքները: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 10 երկրների 77 մասնակիցներ՝ շուրջ 60 գիտական հոդվածներով, որոնք նվիրված են ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզումների, ադապտիվ և վերականգնող ֆիզիկական կուլտուրայի, առողջ կենսակերպի հոգեբանական խնդիրների լուսաբանմանը: Նման մասշտաբի գիտական ստուգատես Հայաստանում անցկացվում է առաջին անգամ ՀՖԿՍՊԻ-ի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Ա. Լալայանի անվան Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ և ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի անմիջական հովանավորությամբ:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը շնորհավորանքի խոսքերով ողջունեց ներկաներին՝ համոզմունքնով նշելով, որ այս գիտաժողովը տոնական իրադարձություն է մանկավարժների, հոգեբանների համար, ովքեր տարիների ընթացքում սպորտային հոգեբանության ոլորտում ստեղծել են մնայուն աշխատանքներ և հետազոտություններ:

Լիագումար նիստի սկիզբը ազդարարեց բուհի պրոֆեսոր Ֆրունզ Գաբրիելյանը՝ իր խոսքում կարևորելով նմանօրինակ հանդիպումների անցկացումը, ինչը կնպաստի հոգեբանական պատրաստության համակարգի տեսագործնական հմտությունների զարգացմանը:

Իրապես, միջազգային այս գիտաժողովը նոր լիցք կհաղորդի ոչ միայն սպորտի հոգեբանության վերաբերյալ գիտության զարգացմանը, այլև բուհերի գիտական կապերի ու համագործակցության ամրապնդմանը, որոնք զբաղվում են նաև սպորտի հոգեբանության մասնագետների պատրաստության հիմնահարցերով»:

Եռօրյա գիտաժողովի լիագումար նիստի առաջին մասում զեկուցումով հանդես եկան Սիբիրի ֆիզիկական դաստիարակության և սպորտի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գ.Գ. Բաբուշկինը, Բելորուսիայի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի պրոֆեսոր Լ. Վ.Մարիշչուկը, Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ազգային պետական համալսարանի պրոֆեսոր Յ.Կ. Ռոդիգինան՝ անդրադառնալով սպորտային պատրաստության հոգեբանական արդի խնդիրներն ու տեխնոլոգիաներին, մանկապատանեկան սպորտի, առողջ ապրելակերպի, զանգվածային սպորտի հոգեբանական հիմնախնդիրներին, ինչպես նաև՝ մրցակցային բարձր արդյունքների ցուցադրման սոցիալ-հոգեբանական, մանկավարժական հիմնահարցերին:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին բաժանմունքներում: Հավելենք նաև, որ միջազգային գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի հոկտեմբերի 26-ին «Ազգային հավաքական թիմերի և մարզիչների հոգեբանական պատրաստության արդի խնդիրները» թեմայով վերապատրաստման դասախոսությամբ: