Նորություններ /

17/11/17

ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողները համախմբվել էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` մասնակցելու բազկամարտի համաուսանողական առաջնությանը։ <<Բազկամարտի համաուսանողական առաջնություն-2017>>-ին մասնակցեցին Երևանի, Հայաստանի մարզերի և Ջավախքի շուրջ 360 ուսանողներ: Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ առաջնությունում հանդես են գալիս նաև աղջիկներ:

Ուսանողների մրցելույթներին հետևելու համար ինստիտուտ էր եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ինչպես միշտ, մարզական մայր բուհում Գագիկ Ծառուկյանին ընդունեցին մեծ ոգևորությամբ: Մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին խրախուսում էր նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի, մարզաշխարհի հայտնի դեմքերի ներկայությունը: Մինչ մրցումների մեկնարկը, ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց ուսանողներին իրենց օրվա առիթով՝ մաղթելով հաջողություններ ուսման մեջ և հաղթանակներ մարզական կյանքում։ Շատ հնարավոր է, որ այսօրվա մասնակիցներից ոմանք ցանկություն հայտնեն հանդես գալ հանրապետության առաջնությունում, որը կկայանա նոյեմբերի 20-ին՝ նվիրված Բազկամարտի ազգային ֆեդերացիայի առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին: Գ. Ծառուկյանը հայտնեց նաև, որ հանրապետական առաջնությանը կմասնակցեն նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձիք:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջնությանը աջակցելու համար, որը մեծապես նպաստում է Հայաստանում բազկամատի զարգացմանն ու մասսայականացմանը: Նա նույպես շնորհավորեց հանրապետության բոլոր ուսանողներին, շեշտելով՝ «մեր ապագան երիտասարդներն են, և նրանք ուշադրության պակաս երբեք չպետք է զգան»։ Հարկ է նշել, որ համաուսանողական առաջնության հաղթողները մշտապես պարգևատրվում են խոշոր դրամական պարգևներով: