Նորություններ /

22/11/17

«ՇԱԽՄԱՏԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ» ՀՖԿՍՊԻ-Ի ՀՅՈՒՐ

Նոյեմբերի 21-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, պրոֆեսորադասախոսական կազմը հանդիպեցին բոլոր ժամանակների աշխարհի ու Եվրոպայի լավագույն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, <<64 պլյուս>> սպորտի վետերանների աջակցության հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆայել Վահանյանի և կազմակերպության վարչության անդամների հետ:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ.Առաքելյանն իր խոսքում ողջունեց հյուրերին, ներկայացրեց 2015-ին ստեղծված <<64 պլյուս>> կազմակերպության գլխավոր նպատակը, նշելով, որ այսուհետ իսնտիտուտը ևս կմիանա <<64 պլյուս>>-ի բարեգործական, սպորտի աջակցման նախաձեռնություններին:

Հայաստանի վաստակավոր մարզիչ, Երևանի և Հայաստանի շախմատի չեմպիոն, ՀՖԿՍՊԻ-ի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը ևս, խոսելով Ռ. Վահանյան մարդու մասին, ընդգծեց` շախմատի անգերազանցելի վարպետը մեծ հեղինակություն է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Քանի որ ՀՖԿՍՊԻ-ում տարին հոբելյանական էր, Ռ. Վահանյանը և ընկերները դատարկաձեռն չէին եկել հարազատ բուհի պրոֆեսորների հետ հանդիպմանը: Բուհի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը ֆիզիկական կրթության, սպորտի բնագավառում ներդրած մեծ ավանդի և վաստակի համար, ծննդյան 68-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվեց <<64 պլյուս>> Պատվո գավաթով և ոսկե հուշամեդալով:

ՀՖԿՍՊԻ-ի պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանի ունեցած ներդրումը մանկավարժության և սպորտի ոլորտում ևս արժանացավ մեծ պարգևի և գնահատանքի: Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռոլանդ Շառոյանը լրագրության, գրականության և սպորտի ասպարեզում ունեցած ձեռքբերումների, ծննդյան 65-րդ տարդարձի կապակցությամբ պարգևատրվեց ոսկե հուշամեդալով և Պատվո գավաթով:

Ռեկտոր Վ. Առաքելյանը իր երախտիքի խոսքերն ուղղեց հյուրերին և մեծ ուրախությամբ հայտնեց` ՀՖԿՍՊԻ-ի գիտական խորհուրդի որոշման մասին` Ռաֆայել Վահանյանին շնորհել պատվավոր պրոֆեսորի կոչում: