Նորություններ /

23/11/17

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ ԵՆ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Նոյեմբերի 22-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Միջոցառումը կազմակերպվել էր Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանի անմիջական օժանդակությամբ, որը նպատակ ուներ կրկին մեծարելու պատերազմի ուսանող հերոսներին, լսելու նրանց հերոսական պատմությունները, ևս մեկ անգամ խոնարհվելու հավերժի ճամփորդ դարձած քաջորդիների հիշատակին:

Միջոցառման հյուրերի շարքում իրենց առանձնահատուկ տեղն էին զբաղեցնում քառօրյա պատերազմի մասնակից մերօրյա հերոսները՝ ՀՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ Շուլի Հակոբյանը, Նարեկ Մալխասյանը, ըմբիշ-հրետանավոր Սմբատ Սահակյանը և ինստիտուտի շուրջ յոթ տասնյակ ուսանող, որ մարտի ելան պաշտպանելու հայրենի երկրի սահմանները:

Հանդիպման սկզբում ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ. Առաքելյանի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ինստիտուտի բակում տեղադրված հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Նա իր խոսքում նշեց՝ այսօրինակ հանդիպումները անչափ կարևոր են բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդ սերնդին արիության դասեր տալու և վառ ու հերոսական օրինակները ներկայացնելու համար, քանի որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են: Անպարտելի էին նաև ՀՖԿՍՊԻ-ի այն չորս ուսանողները, ովքեր զինվորագրվեցին հայրենի հողի պաշտպանությանը՝ անձնուրաց պայքարում իրենց կյանքը նվիրելով հայրենիքին: Վ. Առաքելյանի խոսքով,այդ օրերին ապրած ցավը շաղախվեց քաջերի կատարած սխրանքի հետ և պարգևեց հպարտության ու նաև երկրի առաջընթացի ապահովման գործում պատասխանատվության զգացումներ: Անկախության սերնդի զինվորները շատերին տվեցին արիության դասեր, վերահաստատելով՝ հզոր բանակի զորացմանն աջակցելու գաղափարի անսասանությունը: Այս համատեքստում, ինչպես նշեց Վ. Առաքելյանը, բուհը իր պարտք է համարում ստեղծելու կրթական արտոնյալ ու բարձրակարգ պայմաններ <<պատերազմի մարզիկներ>>-ի համար՝ ոգեշնչելով անկախության սերնդի երիտասարդներին, ուղղորդելով նրանց առաջնըթացը:

Շքանշանակիր հերոս Շուլի Հակոբյանը քառօրյա պատերազմի օրերին իր գործողություններով աչքի էր ընկել Թալիշի ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս՝ կես ժամվա ընթացքում խոցելով հակառակորդի երեք տանկ: Գյումրեցի հերոսը իրեն ուղղված հարցերին պատասխանում էր իրեն բնորոշ համեստությամբ ու պատերազմի դառնությունների միջով անցած հասունությամբ՝ իր կատարած մարտական գործողությունները համարելով ոչ թե հերոսություն, այլ սեփական պարտքը՝ հետ մղել թշնամուն:

Ապրիլյան պատերազմի օրերին ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցել էր ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանական ուղղաթիռը: <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանակիր Նարեկը իր բացառիկ ռազմական սխրանքի մասին խոսելու փոխարեն նախընտրեց հորդորել ուսանողներին, ովքեր ապագա զինվորներ են՝ լինել միասնական մեկ բռունցքի նման ու զինվորագրվել հայոց բանակի զարգացման գործին:

Սմբատ Սահակյանը, ով զորացրվելուց հետո շարունակում է ուսումը ՀՖԿՍՊԻ-ում, պատերազմի օրերին հրետանավոր էր. իրենց հրետանին զգալի վնասներ հասցրեց հակառակորդին: Ասում է՝ կարողացան ճիշտ հակարահարված տալ, քանի որ միասնական էին աշխատում: Իր խոսքում հրետանավոր ըմբիշը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին նախաձեռունթյան համար, որն ուղղված է ռազմահայրենսիրական ոգու ամրապնդմանը, ուսանողության շրջանում մարտական ոգու բարձրացմանը և ի վերջո՝ նպատակ ունի հիշելու, հիշեցնելու և ճանաչելու մերօյա հերոսներին: Այդ օրերին Սմբատը սկսեց բանաստեղծություններ գրել: Ասում է՝ միանգամից միտք էր գալիս ու գրում էր տողեր, որ հետո պիտի նվիրեր իր ծառայակից ընկերներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար:

Միջոցառման կազմակերպիչ, ապագա մարզական լրագրող Հայկ Գալստյանը ապրիլյան պատերազմին մասնակցած հետախույզ է, արժանացել է Մարշալ Բաղրամյան գերատեսչական մեդալի: Հայկը ևս ստեղծագործում է. շատ է սիրում <<Մամ>> բանաստեղծությունը, որ գրել է պատերազմի օրերին, և այս միջոցառումը լավագույն առիթն էր այն նվիրելու իր մայրիկին, ով ևս հանդիպման գլխավոր հյուրերի շարքում էր:

Միջոցառումը ամբողջացրեցին Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ուսանողների պատրաստած տեսանյութերն, որ պատմում էին քառօրյա պատերազմի բոլոր հերոսների սխրանքների, ռազմական գործողությունների ընթացքում կատարած հերոսական քայլերի մասին: Միջոցառման ավարտին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորը անձնահատուկ շնորհակալություն հայտնեց մերօրյա իրական հերոսների ծնողներին արիական դաստիարակության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո և պատասխանատվության համար: Եզրափակելով շնորհակալական խոսքերը՝ Վ. Առաքելյանը վստահեցրեց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական են լինելու: Վ. Առաքելյանը ՀՖԿՍՊԻ-ի հատուկ շնորհակալագրեր շնորհեց քառօրյա պատերազմին մասնակցած ՀՖԿՍՊԻ-ի բոլոր ուսանողներին, շքանշանակակիր հերոսներին, որ ոգեղեն անսպառ ուժով հայրենասիրության վառ օրինակ դարձան: