Նորություններ /

04/12/17

ՍԱՅԼԱԿՈՎ ԲԱՍԿԵՏԲՈԼՒ ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում տեղի ունեցավ անվասայլակով բասկետբոլի մրցում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան: Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի և «Փյունիկ» բարեգործական միության համատեղ նախաձեռնությամբ անցկացվող մարզական միջոցառման նպատակն էր հաշմանդամություն ունեցող մարզիկների համար ինքնադրսևորման հավասար պայմանններ ստեղծել՝ նպաստելով ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

Մինչ մրցումների մեկնարկը, բացման խոսքով ելույթ ունեցավ ԱՖԿ ամբիոնի վարիչ Սուսաննա Հովեյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց՝ դեկտեմբերի 3-ը կարծես դարձել է հերթական առիթն այս ոլորտում բուհի և, մասնավորապես, ամբիոնի կատարած աշխատանքերն ամփոփելու և առաջիկա ծրագրերը նախանշելու համար:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, ով, ողջունելով ներկաներին, ընդգծեց՝ տարբեր պատճառներով հաշմանդամություն ստացած մարզիկների սոցիալական աջակցման, կրթության ապահովման խնդիրները մշտապես բուհի ուշադրության կենտրոնում են:

Դահլիճում հավաքված հյուրերը մեծ հետաքրքությամբ հետևեցին նաև միջոցառման գեղարվեստական մասին, որ պատրաստել էին Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի դասախոսներն ու ուսանողները: Ինչպես միշտ, այս խաղի ընթացքում թիմի տղաներին ոգևորում էր «Փյունիկ» բարեգործական միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: Վերջինս իր խոսքում բարձր գնահատեց գործընկերների նախաձեռնությունը՝ հավելելով, որ նմանօրինակ ծրագրերի շրջանակում համագործակցելն անխախտ ավանդույթ է դարձել ԱՖԿ ամբիոնի և «Փյունիկ»-ի միջև: Առաջիկայում գործընկերները կվավերացնեն համագործակության հուշագիր, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու ուսումնակրթական և մարզական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանը, Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանը և Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի վարիչ Սուսաննա Հովեյանը պատվոգրեր հանձնեցին մարզիկներին՝ ավելացնելով, որ այս հանդիպումն այն բացառիկ մարզական միջոցառումներից է, որտեղ ներկաները հաղթողներ և պարտվողներ չեն փնտրում: