Նորություններ /

11/12/17

ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՋԻ ՏԱԳՈՒՉԻԻՆ ՀՖԿՍՊԻ-Ի ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐ

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էջի Տագուչին ընդունեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանին: Ռեկտոր Վ.Առաքելյանին ուղեկցում էին ՀՖԿՍՊԻ-ի Ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, գիտական քարտուղար Մարինե Ասատրյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ Դավիթ Խիթարյանը: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման սկզբում ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ. Առաքելյանը դեսպանին փոխանցեց բացառիկ ծառայության համար շնորհվող պատվո դիպլոմը, որը բարեկամության նոր ազդակներ է հաղորդում բուհի և դիվանագիտական կառույցի հարաբերություններին: Վ. Առաքելյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ երկու երկրների ներկա և ապագա հաջողությունների և բարօրության գլխավոր երաշխիքը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատև ուշադրությունն է: ՀՖԿՍՊի- ռեկտորն ընդգծեց նաև ՝ Հայաստանում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ է պահպանում իր քաղաքակրթական հարուստ ժառանգությունն ու ավանդույթները:

Նշենք, որ դեսպան Է. Տագուչին հայտնի և փորձառու գործիչ է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների զարգացման ոլորտում. հմուտ է նաև ճապոնական կենդո մարզաձևում, ունի 5-րդ դան: Մեծ գոհունակությամբ խոսելով ՀՖԿՍՊԻ իր կատարած այցի մասին՝ դեսպանը երախտագիտություն հայտնեց ռեկտոր Վ. Առաքելյանին իրեն պատվավոր կոչման արժանացնելու համար: Բարձր մակարդակի փոխադարձ շփումներն ամրապնդելու նպատակով Վ. Առաքելյանը դեսպանին հրավիրեց ներկա գտնվելու հաջորդ տարի ինստիտուտում տեղի ունենալիք գիտական մեծ համաժողովին, որի օրակարգում կլինեն նաև արևելյան մարտարվեստի զարգացմանը վերաբերող հիմնահարցեր: Է. Տագուչին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ վստահեցնելով, որ դիվանագիտական կառույցի ներկայացուցիչները միշտ պատրաստակամ են մասնակից դառնալու ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտին վերաբերող կառուցողական քննարկումներին: