Նորություններ /

13/12/17

ԲԱՑ ԴԱՍ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը (1928 թ.) Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի և հայագիտական միության 90-ամյակի տոնական միջոցառումներին ընդառաջ ապագա լրագրողների համար անցկացրեց բաց դաս-քննարկումներ` նվիրված հայապահպան ու մշակութային կարևորագույն արժեքների պաշտպանության հարցերին: Միության կազմակերպած անդրանիկ միջոցառման մասնակիցներն էին ՀՖԿՍՊԻ-ի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի տարբեր կուրսերի ուսանողները: Նշենք, որ նմանօրինակ դասախոսություն-քննարկում անցկացնելու նախաձեռնությունը գրող, հրապարակախոս, Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի խորհրդի նախագահ, Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ասիստենտ Սպարտակ Ղարաբաղցյանինն էր: Միջոցառման նպատակ էր` երիտասարդներին համախմբելու մեկ սեղանի շուրջ` ազատ երկխոսելու, բանավիճելու, արտահայտելու իրենց տեսակետները պետականաշինության կարևոր հարցերի շուրջ:

Հանդիպման սկզբում ապագա լրագրողներին ողջունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության տնօրեն Նարե Միքայելյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին ուսանողների հետ քննարկումների հարթակ ձևավորելու համար: Հանդիպմանը մասնակցում էին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ, բուհի ուսանողներ Հայկ Գալստյանը, Սմբատ Սահակյանը, Գևորգ Ղամբարյանը, ովքեր ներկաներին պատմեցին մարտի դաշտում կռվի ելած տղաների ռազմական սխրագործությունների մասին:

Միության տնօրեն Ն. Միքայելյանը հանդիպման բոլոր մասնակիցներին նվիրեց <<Շուշի-48 ժամ>> պատկերագիրքը, և ինչպես Ս. Ղարաբաղցյանը ավելացրեց` Շուշին հայերի Երուսաղեմն է, ու ամեն հայ պարտավոր է թեկուզ երկու օր` 48 ժամ ապրել այնտեղ: