Նորություններ /

19/12/17

ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

ՀՖԿՍՊԻ-ի Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը և մի խումբ ուսանողներ այցելեցին Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու բուժում ստացող զինվորներին: Հոսպիտալոմ գտնվող զինծառայողների մեծամասնությունը այստեղ է գալիս անմիջապես առաջնագծից՝ սահմանից և առանձնահատուկ կարևորություն ունեցող ռազմական տեղանքներից:

Այցի սկզբում հյուրերին ողջունեց հոսպիտալի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Լևոն Ժամագործյանը, ով բարձր գնահատեց ինստիտուտի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ զինվորներն իրենց առողջության վերականգման դժվարին պահին ուշադրության և հոգատարության կարիք ունեն: ԱՖԿ ամբիոնի վարիչ Սուսաննա Հովեյանն իր խոսքում նշեց՝ բուհը և, մասնավորապես` ամբիոնն իր գործունեության տարիներից ի վեր սահմանին կանգնած զինվորի կողքին է. ամբիոնի մեծաթիվ կամավոր ուսանողների գիտեն ու ճանաչում են զինծառայողներն ու ողջ բուժանձնակազմը:

Ս. Հովեյանը զինծառայողներին փոխանցեց նաև բուհի ռեկտոր Վ. Առաքելյանի շուտափույթ ապաքինման մաղթանքները՝ ավելացնելով, որ ինստիտուտի դռները մշտապես բաց են զորացրվող երիտասարդների առջև. շարունակական աշխատանքներ են տարվում նրանց արտոնյալ և լիարժեք կրթություն տրամադրելու ուղղությամբ:

Տեսակցության եկած հյուրերին ուղեկցում էր նաև ԱՖԿ ամբիոնի 4–րդ կուրսի ուսանող և այցի նախաձեռնության անմիջական հեղինակ Արկադի Անդրեասյանը: Արկադին զինծառայության ընթացքում կորցրել է ոտքը, սակայն անսպառ լավատեսությամբ գոտեպնդում է բախտակից ընկերներին ու համոզմունքով ասում՝ յուրաքանչյուր հայ տղա սահմանին իր բաժինը պիտի ունենա ու պաշտպանի այն: Այնուհետև Ս. Հովեյանն ու ուսանողները շրջեցին բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացան զինծառայողների առողջական վիճակին, գորովանքի և գոտեպնդման խոսքերով զորակցեցին նրանց հարազատներին:

Հանդիպման ավարտին ԱՖԿ ամբիոնի վարիչ Ս.Հովեյանը ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ. Առաքելյանի անունից պատվոգրեր հանձնեց զինծառայողներին` ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության ու արիության համար: