Նորություններ /

28/01/18

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀՖԿՍՊԻ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ, որի նպատակն էր` բուհի ներկայացուցիչների հետ զրուցել, քննարկել այն որակական պահանջները, որոնք կարևորվում են մասնագետների ընտրության հարցում:

Գ. Մակարյանի խոսքով՝ հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել բուհ-գործատու կապերի ամրապնդմանը. համաձայն տարբեր հետազոտությունների արդյունքների՝ աշխատուժի արտադրողականության ոլորտում լուրջ խոչընդոտներ են հասունանում, իսկ կրթական միջավայրը առաջինը պետք է արձագանքի այս մարտահրավերներին:

ՀՖԿՍՊԻ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Արամ Գրիգորյանն իր խոսքում նշեց՝ բուհը մշտապես հետևում է, որ շրջանավարտներն ընդունվեն աշխատանքի մասնագիտական ոլորտում:

Հանդիպման մյուս մասնակիցները ևս հնչեցրեցին իրենց տեսակետներն ու առաջարկությունները ոլորտային բարեփոխումների վերաբերյալ՝ առաջարկելով ընդլայնել մասնագիտական պրակտիկայի իրականացման հնարավորությունների շրջանակը, աշխուժացնել բուհի մասնակցությունը միջազգային հեղինակավոր աշխատաժողովներին: Գ. Մակարյանը հավելեց, որ գործատուների միությունը պատրաստ է նմանօրինակ նախաձեռնություններում բուհին ցուցաբերել իրենց փորձագիտական աջակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ նախատեսվող բարեփոխումներն էականորեն կնպաստեն համագործակցության հեռանկարների զարգացմանը: