Նորություններ /

15/02/18

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանի գլխավորությամբ ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան հերոսամարտում զոհված մարտիկների հիշատակին` ծաղիկներ դնելով հայ զինվորի հուշաքարին:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց գրող, հրապարակախոս, ՀՖԿՍՊԻ-ի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանը, ով իր խոսքում ընդգծեց` 1988-ի փետրվարի 12-ին սկսվեց ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, որն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ ողջ հայ ժողովրդի համար եղավ շրջադարձային.կանխորոշվեց հայ ժողովրդի հետագա ուղին, որ մարտական սխրանքներով, քաղաքական հաղթանակներով պիտի վճռվեր: Պարտադրված պատերազմում մարտիրոսված հերոսներն անմահացան` ոգեշնչելով և պարտավորեցնելով անկախության սերունդին ամուր պահել սեփական հաղթանակը: Այսօր նրանցից շատերը, որոնք նաև այս բուհի ուսանողներն են, հպարտությամբ են կանգնած` քառօրյա պատերազմում կրկնապատկելով իրենց ավագ սերունդների սխրանքները` անմնացորդ ծառայելով հայրենիքին: Ռեկտոր Վ. Առաքելյանն իր խոսքում նշեց` այսօր բոլոր ներկաները հավաքվել են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներին, այլև ասելու, որ բոլորս հաստատակամ ենք և կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ: