Նորություններ /

21/02/18

ԲԱՑ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐՎԱՆ

Խորհրդանշական այդ օրը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Լեզուների ամբիոնի վարիչ Գայանե Սահակյանի խոսքով` ամբիոնը նախաձեռնել է բաց դասերի շարք` նպատակ ունենալով վերարժևորելու մայրենի լեզվի դերն ու նշանակությունը` իբրև մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ամենահզոր գործիք:

Դաս-միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին հայոց լեզվի ազգապահպան նշանակությունը, հայ և օտարազգի մեծերի կարծիքները հայոց լեզվի մասին: Հնչեցին ասույթներ, բանաստեղծություններ` ներկայացնելով հայերենի ողջ շքեղությունը:

Հագեցած և ուսուցողական էր բաց դասը վարող Նարինե Հունանյանի դասախոսությունը, որը նվիրված էր հայերենի ծագման ու զարգացման փուլերին: Դասախոսության երկրորդ հատվածում ուսանողները զրուցեցին մայրենի լեզվի արդի խնդիրների, պահպանության, գրական հայերենով ազատ արտահայտվելու հարցերի մասին:

Ամբիոնի դասախոսներ Ա. Բադասյանը, Ն. Ավետիսյանը և Ս. Խաչատրյանը մի խումբ առաջին կուրսեցիների համար դասախոսություն կարդացին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` ներկայացնելով հայ պատմագիրների ավանդած պատմական վկայություններն ու դասերը` հնչեցնելով նախնիների հորդորը` անաղարտ պահելու մայրենի լեզուն:

ՀՖԿՍՊԻ-ում մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումներն արդեն անխախտ ավանդույթ են դարձել, կազմակերպիչներն էլ վստահեցնում են` այս օրը ևս մեկ առիթ է մտածելու և խոսելու` մեզ ժառանգված հայերենը պահպանելու, և այն ապագա սերունդներին անաղարտ փոխանցելու մասին: