Նորություններ /

29/03/18

«ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՖԿՍՊԻ-ում տեղի ունեցավ «Բուհ-գործատու համագործակցության նոր եզրեր» խորագրով կլոր սեղան-քննարկում, որը նախաձեռնել էր բուհի Որակի ապահովման բաժինը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը։

Աշխատաժողովը վարեց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը՝ բացման խոսքում նշելով, որ նմանօրինակ հանդիպումներ ոչ պաշտոնական ձևաչափով պարբերաբար իրականացվել են ինստիտուտի և գործատուների միջև, որի նպատակն է` ստեղծել բուհ-գործատու հաղորդակցության նոր մոդել, ինչը կբարելավի բարձրագույն կրթության համապատասխանությունը աշխատաշուկային:

Այնուհետև զեկույցով հանդեսե կավ Որակի ապահովման բաժնի պետ Արայիկ Գյոզալյանը՝ ներկայացնելով բուհում իրականացված արդիականացման ծրագրերը, միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման լուրջ քայլերը:Անդրադառնալով գործատուների հետ մշտապես երկխոսելու անհրաժեշտությանը՝ ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը կարևորեց նաև մարզական ֆեդերացիա-բուհ-գործատու համագործակցային կապերն ուժեղացնելու հանգամանքը: Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Արտակ Ստեփանյանը ևս շեշտեց՝ բուհի համար գերակայություն է բարձր որակավորված մասնագետներ պատրաստելը, շրջանավարտների մուտքը աշխատաշուկա առավել սահուն դարձնելը: Քննարկման մասնակիցներից Մկրտիչ Ավագյանը, ով ղեկավարում է նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնը, իր խոսքում նշեց՝ ՀՖԿՍՊԻ-ի հետ ունեն տարիների համագործացության հաջողված փորձ և մտադիր են այն ընդլայլել բժշկագիտական ծրագրերում` ընդգրկելով նաև §մարզական¦ բուհի լավագույն ուսանողներին: Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Սուրեն Չիբուխչյանը ոլորտային հիմնահարցերի շարքում առանձնացրեց աշխատանքային ինքնադրսևորման հնարավորությունների պակասը։ Այս առումով, ինչպես նշեց ՀՖԿՍՊԻ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Արամ Գրիգորյանը, ինստիտուտն արդեն սկսել է համագործակցության առաջին քայլերը գործատուների միության հետ: Կարճ ելույթով հանդես եկավ ՀՀ Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի փորձագետ Անուշավան Մակարյանը՝ կարևորելով բուհ-գործատու երկխոսության շարունակականությունը, ինչը լավ հնարավորություն է քննարկելու գործատուի ունեցած պահանջները, վերլուծելու և գնահատելու բուհի տրամադրած կրթության որակը: Աշխատաժողովի ավարտին ռեկտոր Վահրամ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` քննարկումներին մասնակցելու և կառուցողական առաջարկնելով հանդես գալու համար: