Նորություններ /

04/04/18

ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

Երկու տարի անցավ ապրիլյան քառօրյա պատերազմից, որտեղ հայ զինվորը ևս մեկ անգամ ապացուցեց իր արիությունն ու խիզախությունը, թշնամուն ցույց տվեց իր մարտական ոգու անմար ուժը:

Մարտի 3-ին Լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ դասախոսական կազմը և առաջին կուրսի ուսանողները այցելեցին Եռաբլուր փառքի պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած մարտիկների հիշատակին: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին հերոսների շիրմաքարերին՝ խոնարհվելով նրանց հիշատակի առջև:

Ուսանողների խմբում էր ապրիլյան պատերազմի մասնակից Սարգիս Խաչատրյանը, ով մեծ հուզմունքը խեղդելով, պատմեց իր զինակից ընկերների սխրանքների մասին, խոսեց այն մեծ հպարտության, զգացումների և հիշողությունների մասին, որ կապված են քառօրյա մարտերի հետ:

Լեզուների ամբիոնի դասախոս Ս. Սաֆարյանը իր խոսքում կարևորեց երիտասարդների հայրենասիրական ոգին բարձր պահող նմանօրինակ նախաձեռնությունները, հորդորեց ուսանողներին չնահանջել նաև գիտության և ուսման բնագավառում, քանի որ հակառակորդին հաղթում են ոչ միայն զենքով, այլև բարձր գիտելիքներով ու առաջադեմ կրթությամբ:

Ուսանողները այցելեցին նաև Եռաբլուրում ամփոփված Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Խոնարհվելով հերոսների վառ հիշատակի առջև՝ ուսանողներից յուրաքանչյուրն ինքն իրեն խոստացավ լինել հայ քաջորդիներին արժանի հետնորդ: