Նորություններ /

31/05/18

<<ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ>> ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Ծաղկաձորում տեղի ունեցավ <<Ես կարող եմ>> համապետական սպորտային փառատոնը, որին մասնակցեց Երևանի և ՀՀ այլ քաղաքների մանկատների և հատուկ խնամքի կենտրոնների 8-45 տարեկան 150 մարդ: «SOAR-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումը համախմբել էր Խարբերդի, Ձորակի, Մարի Իզմիրլյանի, Նոր Նորքի, Նուբարաշենի մանկատների, Երևանի հ. 12 հատուկ դպրոցի, <<Իմ ուղին>> ուսումնավերականգնողական կենտրոնի սաներին, ովքեր իրար հետ մրցեցին էստաֆետային խաղերում, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ և թիավարություն մարզաձևերում: Միջոցառմանը ներկա էին նաև մեծ թվով հյուրեր արտերկրից, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ծնողներ: Մասնակիցներին ոգևորելու և իրենց խրախուսական խոսքն ասելու էին եկել նաև աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոնի, UNESCO-ի մրցանակակակիր, ջրասուզալողորդ Շավարշ Կարապետյանը, օլիմպիական փոխչեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Մրցող թիմերի ելույթներին մեծ հուզմունքով ու սպասումներով էր հետևում հատկապես Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՖԴԱՏ ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի վարիչ Սուսաննա Հովեյանը, ով փառատոնի մեկնարկից դեռ մի քանի ամիս առաջ էր հանձն առել մրցաշարի մասնակիցների հետ մարզումներ անցկացնելու պատասխանատու աշխատանքը: Պրոֆեսիոնալ մարզչական թիմի, ամբիոնի մի քանի տասնյակ կամավոր ուսանողների վերահսկողությամբ մասնակիցները ծանոթացան տարբեր մրցաձևերի կանոններին, մարզվեցին ու ընկերացան՝ մարզական համերաշխությամբ ապավինելով «Մեկը՝ բոլորի և բոլորը մեկի համար» կարգախոսին:

Փառատոնի գլխավոր մարզիչ Ս.Հովեյանն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց մասնավորապես ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ. Առաքելյանին` փառատոնին բուհի մասնակցությանն աջակցելու համար: