Նորություններ /

01/10/18

ՎԵՐԵԼՔ ԴԵՊԻ ԱՐԱԳԱԾ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի արշավականները Արագած լեռան հարավային գագաթ կատարած վերելքով հաջողությամբ ամփոփեցին քայլարշավ-վերելքների ծրագիրը, որը նախաձեռնել էր ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետը Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ։

Վաղ առավոտյան արշավորդներն ինստիտուտի բակից ճամփա ընկան, լեռան ստորոտում համախմբեցին ուժերը և մեծ եռանդով ու ոգևորությամբ հաղթահարեցին 3887մ բարձրությունը:

Բոլորովին վերջերս մեկ այլ` Գութանասար կատարած քայլարշավ-վերելքի ընթացքում հայտարարելով <<Ես ակտիվ եմ>> ուսանողական նախաձեռնության մասին` ՍՄԿ Ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանն այսօր արդեն գոհունակությամբ է խոսում ուսանող-արշավականների ցուցաբերած ակտիվության և խանդավառության մասին: Դեկանի խոսքով վերելքների նախաձեռնությունը ի սկզբանե նպատակաուղղված էր ուսանողների համախմբմանն ու ինքնակազմակերպմանը, ինչպես նաև ապահովելու ինստիտուտի որդեգրած առաքելությունը` խթանել առողջ ապրելակերպի ծրագրերի շարունակականությունը:

Նշենք նաև, որ այս աշավի ընթացքում ևս բուհի արշավախմբին ուղեկցում էին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մասնագետները: Սա ապագա մասնագետների համար լրացուցիչ առիթ էր` շփվելու գործատուի հետ, ծանոթանալու լեռնագնացության ոլորտի գիտակների փորձին: Ամփոփելով վերելքների ծրագիրը` ՍՄԿ ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՖԿՍՊ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանին նախաձեռնությանը աջակցելու համար` ավելացնելով, որ ծրագիրը շարունակական է լինելու, և հաջորդ տարում կիրականացվեն առավել հետաքրքիր ֆորմատի քայլարշավ-վերելքներ: