Նորություններ /

31/10/18

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ավարտվեցին «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հիմնախնդիրները» խորագրով ամենամյա գիտաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքները:

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված գիտաժողովի բացումը կատարեց ՀՖԿՍՊԻ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Արամ Գրիգորյանը: Ողջունելով ներկաներին՝ Ա. Գրիգորյանը իր խոսքում շեշտեց, որ եռօրյա գիտաժողովի աշխատանքերը միտված են գիտահեն կրթական համակարգի զարգացմանը` այդ գործընթացում ներառելով ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության արդի և նորարարական մեթոդներն ու մոտեցումները: Պրոռեկտորի խոսքով՝ հանդիպումների նպատակն է` քննարկել, վերլուծել և գնահատել ոլորտային հիմնահարցերի արդի վիճակը և զարգացման հեռանկարները, վերհանել այն խնդիրներն ու ձեռքբերումները, որոնք կորոշակիացնեն հետագա բարեփոխումների ընթացքը:

Ա. Գրիգորյանը մասնակիցներին փոխանցեց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանի շնորհավորական խոսքերը գիտաժողովի աշխատանքների մեկնարկի առիթով՝ բոլորին մաղթելով արդյունավետ աշխատանք հետագա գիտական գործունեության ոլորտում:

Լիագումար նիստին հետևելու էին եկել նաև Թուրքմենստանի Սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտից ժամանած հյուրերը, ովքեր փորձի փոխանակման ծրագրով համատեղ աշխատանքներ են իրականացնում հայ գործընկերների հետ: Բովանդակալից ու հագեցած զրույցների ընթացքում քննարկվեցին պատանի ծանրորդների ուժային ընդունակությունների մանկավարժական գնահատման մեթոդները, անդրադարձ կատարվեց Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կին ծանրորդների մրցակցային գործունեության արդյունավետության ուսումնասիրման չափանիշերին, ներկայացվեցին մրցականոնների փոփոխությունների վերջին միտումները: Գիտական դիպուկ փաստարկումներով զեկուցվեցին պատանի ըմբիշների շարժումների ճշգրտության համեմետական տվյալները, խորքային քննության արժանացան ներառական կրթության համակարգի արդի հիմնախնդիրները: Հավելենք, որ գիտաժողովն ընթացավ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ», «Ֆիզիկական կուլտուրա, սպորտի պատմություն և սոցիոլոգիա», «Բժշկակենսաբանություն և հոգեբանություն» բաժիններում: