Նորություններ /

16/11/18

ԲԱԶՄԱԿԱՐՏԻ ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 15-ից 16-ը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, անցկացրեց բազկամարտի համաուսանողական առաջնություն՝ ինստիտուտի հարկի տակ համախմբելով Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական և ոչ պետական բուհերի, արտերկրի կրթական հաստատությունների ուսանողներին:

Արդեն ավանդույթ դարձած ամենամյա առաջնությունը նվիրված էր ուսանողների միջազգային օրվան: Այս տարի մրցաշարին մասնակցեց աննախադեպ մեծ թվով մոտ 500 ուսանող: Մեծաթիվ էին նաև թույլ սեռի ներկայացուցիչները, ովքեր պատրաստ էին ուժերը չափելու սիրված մարզաձևում:

Մրցաշարին մասնակցող ուսանողներն ընդգրկված էին չորս քաշային կարգերում՝ 70 կգ, 80 կգ, 90 կգ և 90 կգ-ից բարձր քաշ ունեցող մարզիկներ, ովքեր մրցում էին և՛ աջ, և՛ ձախ ձեռքով:

Ուսանողների միջև հավասար և արդար մրցակցություն ապահովելու նպատակով Հայաստանի բազկամարտի ազգային հավաքականում ընդգրկված պրոֆեսիոնալ մարզիկները չէին մասնակցում մրցաշարին:

Առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևելու էր եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը նախ ողջունեց ներկաներին, շնորհավորեց ուսանողներին իրենց օրվա առիթով՝ մաղթելով հաջողություններ ուսման մեջ և հաղթանակներ մարզական կյանքում:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը ևս կարևորեց մրցաշարի անցկացումը, որը առողջ ապրելակերպ է սերմանում և առաջացնում հետաքրքրություն մարզաձևի նկատմամբ: Մեզ հետ զրույցում Վ. Առաքելյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջնությանը մշտապես աջակցելու համար, ապա շնորհավորեց բոլոր ուսանողներին իրենց տոնի առթիվ՝ մաղթելով երիտասարդներին նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Մրցաշարի եզրափակիչ մարտերը դիտարժան ու անզիջում էին. տղաների 70 կգ քաշային կարգում թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքի մրցապայքարում հաղթող դարձավ Վաչագան Հովհաննիսյանը: Ձախ ձեռքի 80 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Վարդան Խաչատրյանը, 90 կգ-ում՝ Էրիկ Չատինյանը: Աջ ձեռքի 80 կգ քաշային կարգում հաղթեց Արմեն Կենակալյանը: Ձախ ձեռքի գերծանրքաշային կարգում ուժեղագույնն էր Ռոմիկ Մարգարյանը, աջ ձեռքում՝ Խաչատուր Գալստյանը:

Աղջիկների ձախ ձեռքի մրցապայքարում հաղթանակ տարավ Վալենտինա Լիտվինենկոն, աջ ձեռքի մրցույթում ուժեղագույնն էր Կամիլա Շլյանինան: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: