Նորություններ /

26/11/18

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ՀՖԿՍՊԻ-ՈՒՄ

Որակի ապահովման ներքին համակարգի ներդրման արդյունավետությունը պարզելու նպատակով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները մշտադիտարկում են իրականացրել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Մշտադիտարկման գործընթացի շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվել որակի ներքին ապահովման համակարգերի գործունեությանը և փորձագիտական զեկույցում արձանագրված թերությունների վերացման աշխատանքների ընթացքին: Փորձագիտական խմբի կազմում էին ՈԱԱԿԻ-ի ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի պետ Անուշավան Մակարյանը, նույն բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը:

Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ է ունեցել բուհի ռեկտորի, պրոռեկտորների, միջազգային և գիտատեղեկատվական կենտրոնի ղեկավարի, որակի ապահովման բաժնի պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների հետ:

Բուհի վարչական ղեկավարությունը ներկայացրել է ուսումնական հաստատության զարգացման տեսլականը և դրա արտացոլումը ռազմավարական ծրագրում, ընթացող և նախատեսվող բարեփոխումները։ Քննարկվել են որակի ապահովման գործընթացները բուհում, դրանցում ներքին և արտաքին շահակիցների ներգրավվածությունը, մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) արդիականացման մեխանիզմները, գործատուների մասնակցությունը կրթական գործընթացներին, դասախոսական կազմի և ռեսուրսների համապատասխանությունը կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, ուսանողի կարողությունների գնահատման մոտեցումները, ուսանողների բավարարվածությունը դասավանդման մեթոդներից և ուսումնական գործընթացից: Անդրադարձ է կատարվել բուհում վերջնարդյունքահեն կրթության կազմակերպմանը, կրթության որակի ապահովման ճկուն և առավել արդյունավետ քաղաքականության և ռազմավարության մշակմանը: Դիտարկելով ինստիտուտի ուժեղ և թույլ կողմերը` մատնանշվել են բուհի ձեռքբերումները, զարգացման հեռանկարային ուղղությունները, ապա նաև` առկա թերացումներն ու համակարգային հիմնախնդիրները:

Այսպիսով` այցի նպատակն էր հավատարմագրված բուհի պարագայում նաև տեղեկանալ բարելավման պլանի իրականացման գործողություններին և արդյունքներին, բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների հզորացման, ուսանողական և ակադեմիական շարժունության և միջազգայնացման առկա ծրագրերին:

Այնուհետև մասնագետները կատարել են փաստաթղթերի ուսումնասիրություն և դիտարկել արձանագրված արդյունքները: