Նորություններ /

05/12/18

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՖԿՍՊԻ-ի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի հրավերով Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստուտում էր: 21-ամյա ծանրորդը ուսանողների հետ անցկացրած հարց ու պատասխանի միջոցով պատմեց իր հաջողությունների, նպատակների և հետագա մրցելույթների մասին:

«Օլիպիական խաղերին արդեն պատրաստվում ենք, նույն ոգևորությամբ ենք տրամադրված, հույս ունենք ոսկով վերադառնալ հայրենիք», - պատասխանեց մարզիկը: Աշխարհի չեմպիոնը փաստեց, որ իրենց թիմը զերծ է մնում խթանիչ միջոցներ ընդունելուց:

«Մեր նվաճած ցանկացած մեդալ միշտ մեզ հետ է լինելու: Եվ ոչ մի պարագայոմ չեն կարող հետ վերցնել: Մենք այն նվաճել ենք արդար ճանապարհով»,- շեշտեց ծանրորդը: Վերջինս անկեղծացավ` ասելով, որ դեռ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, բայց նաև չհերքեց հետագայոմ դրա հավանականության մասին: Ուսանողների այն հարցին, որ մարզական կարիերայի ավարտից հետո արդյո՞ք տեսնում է իրեն դասախոսական կազմում` միանշանակ պատասխան չտրվեց:

Հանդիպման ավարտին աշխարհի չեմպիոնը մեծ ոգևորությամբ և ջերմությամբ լուսանկարվեց ուսանողների հետ և պատրաստակամություն հայտնեց նորից այցելել:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ոնեցած 2018-ի աշխարհի առաջնությունում 109կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը պոկեց 195կգ և հրեց 240կգ (սահմանելով աշխարհի 3 ռեկորդ): Երկամարտի 435 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Վերջին անգամ Հայաստանն աշխարհի չեմպիոն ունեցել էր 8 տարի առաջ: