Նորություններ /

11/12/18

ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ‹‹Ներառականության միջազգային փորձը›› խորագրով սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր ինստիտուտի ՖԴԱՏ ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Հովեյանի անմիջական նախաձեռնությամբ:

Ողջունելով ներկաներին` Ս.Հովեյանը իր խոսքում նշեց, որ ներառականության գաղափարը կարևոր է ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այլ` հանդուրժողականության, հասարակության մեջ ցանկացած փոքրամասնության նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու տեսանկյունից: Ս. Հովեյանը ընդգծեց, որ այս համատեքստում բուհն արդեն բավականին լուրջ և երկարատև ճանապարհ է անցել, իսկ ներառականության գաղափարախոսության ամենագործուն ընկալումն ունեցող երկրների փորձի ուսումնասիրությունը միայն առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում առաջանցիկ զարգացումն ապահովող ծրագրերի և նախաձեռնությունների համար: Ս. Հովեյանի խոսքով՝ գործնական քայլեր են կատարվել ներառականության զարգացման մասնագիտացված կենտրոն ստեղծելու ուղղությամբ. առաջիկայում կհստակեցվեն նաև կենտրոնի գործունեության ռազմավարական ուղղություններն ու հանձնառությունները, իսկ ամբիոնի կամավոր-ուսանողներն արդեն լավ գիտեն՝ ինչ կարևոր ճանապարհ ունեն անցնելու առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ:

Ներառականության միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման ծրագրի շրջանակում իրականացվող սեմինարը վարեց ‹‹Ներառականության պրակտիկան›› միջազգային կազմակերպության ղեկավար Անաստասիա Մատվիևսկայան, ով խոսեց ցանկացած ոլորտում ներառական միջավայր ստեղծելու մասին: Բանախոսը ներկայացրեց իրենց իրականացրած ծրագրերի առաջընթացը, հաջողություններն ու հիմնախնդիրները, ցուցադրեց կազմակերպության կողմից մշակված ռեսուրսները: Ա.Մատվիևսկայայի բնորոշմամբ՝ ներառականությունը հարկավոր է դիտարկել իբրև հասարակության մտածողության ձև՝ երեխաներին դարձնելով գլխավոր դերակատարներ բարոյահոգեբանական փոփոխությունների ամենատարբեր հարթակներում:

Հանդիպմանը ներկա էր նաև ‹‹Ներառականության պրակտիկան›› կազմակերպության հիմնադիր Դմիտրի Վդովինը, որը կարևորեց թեմայի նկատմամբ հասարակության լայն շերտերի հետաքրքրվածությունը:

Սեմինարի գործնական հատվածի աշխատանքներին միացան կազմակերպության ղեկավարի զավակները: Նրանք լավ գիտեն՝ ինչպես օգնել իրենց ընկերներին` հաղթահարելու դժվարությունները: Փոքրիկները սեմինարի մասնակիցներին ներկայացրեցին խաղ-վարժություններ, որոնք հիմնված էին ‹‹Մենք միասին ենք›› կարգախոսի վրա, որը ներառական հասարակության զարգացման անկյունաքարային մոտեցումներից է: