Նորություններ /

14/12/18

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ ԵՆ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ...

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցած միջոցառում-հանդիպմանը ուսանողները ակնածալի խոնարհմամբ ու հպարտությամբ էին սպասում: ՀՀ Զինված ուժերի մայոր, բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, ‹‹Դյուցազնագրքի›› հերոս Սարգիս Ստեփանյանը սպասված հյուր է ամենուր, հատկապես` երիտասարդների շրջանում… այն երիտասարդների, որոնք մերօրյա պատմության քառուղիներում փնտրում են իրենց ժամանակների հերոսին. … ու հանդիպեցին ՆՐԱՆ:

Ինստիտուտի ՖԴԱՏ ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաև զինհաշմանդամներ Ռոման Գևորգյանը, Արշակ Հովհաննիսյանը, Լիպարիտ Մելքոնյանը, Նարեկ Հովեյանը, ողջույնի խոսք ասաց ամբիոնի վարիչ Սուսաննա Հովեյանը՝ նշելով, որ ամբիոնը ավանդույթի ուժով տարեվերջյան հանդիպումներին ինստիտուտի հարկի տակ է համախմբում լավագույն մարզիկներին, մարտիկ-չեմպիոններին՝ նրանց ուղղելու իրենց խոնարհման խոսքը և ասելու, որ ջանք չեն խնայի` աջակցելու զինհաշմանդամ մարզիկների մարզման գործունեությանը: Այնուհետև ներկաներին ողջունեց, ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, նախ` շնորհակալություն հայտնեց հայրենիքի նվիրյալներին միջոցառմանը ներկա գտնվելու համար, այնուհետև նշեց, որ նրանք այն մարդկանցից են, որ կարողացել են կերտել հայ զինվորի, հայրենքի պաշտպանի հզոր կերպար: Վ. Առաքելյանի խոսքով ինստիտուտը մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած ուսանողներին առել իր հոգածության տակ. բուհում գործող նորաստեղծ հետազոտական կենտրոնի դռները մշտապես բաց են` ընդունելու հաշմանդություն ունեցող մարզիկներին, հետազոտելու նրանց մարզավիճակն ու ոլորտում առկա հիմնախնդիրները:

ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մեդալներով պարգևատրված Սարգիս Ստեփանյանը պատմեց իր անցած ուղու, մարզական ու ռազմական կարիերայի մասին, ներկայացրեց հերոսացման ու հայրենասիրության իր բանաձևը: Ապրող ու ապրեցնող Սարգիսը ներկաների խնդրանքով պատմեց սահմանային մարտերին իր հետ պատահած դեպքի մասին: ‹‹2014 թվականի հուլիս ամիսն էր, իրավիճակը սահմանում բավականին լարված էր: Պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում էր իրականացրել մեր դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Չնայած մեր ստորաբաժանումները հետ էին մղել թշնամուն, բայց չեզոք գոտում վիրավոր զինընկեր ունեինք: Ես իմ խմբի հետ ստացա նրան չեզոք գոտուց դուրս բերելու հանձնարարություն: Ամեն բան շատ բարդ էր: Տարածքն ականապատված էր, սակայն հետադարձ ճամփա չկա, երբ վիրավոր ընկեր ունես: Ռազմական խնդիրը կատարելու ժամանակ ոտքերիս տակ պայթեց ականը, վիրավորվեցի, կորցրեցի երկու ոտքս և աջ ձեռքս››- պատմեց մայորը:

Խոսելով իրեն չընկճած բարդությունների մասին՝ Սարգիսն ասաց` աննկուն հավատքն է, որ օգնել է վերագտնելու ուժն ու տոկունությունը, ընտանիքն ու զավակներն են ապավեն եղել ծանր օրերին, անծանոթ մարդկանց ուշադրությունն ու ջերմ վերաբերմունքն են ուժ ու կյանք տվել ամեն վայրկյան: Սպորտը կյանքի կարևորագույն ուղիներից մեկը դարձրած մայորը պատմեց նաև, որ ժամանակին լուրջ, պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է ծանրամարտով: Վիրավորում ստանալուց հետո, սակայն, սկսվեց կյանքի մի ուրիշ փուլ, մի նոր ճանապարհ ավելացավ, որը մայորի մարզական կյանքը կապեց բազկամարտի հետ:

Նպատակադրվելով շարունակել հաջողություններ ու հաղթանակներ գրանցել սպորտում՝ բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոնը վերջերս հիմնել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա, որտեղ կամավոր սկզբունքով ամեն ինչ արվելու է` զարգացնելու հաշմանդամային սպորտը՝ չառանձնացնելով որևէ մարզաձև։

Հանդիպման ավարտին մայոր Ստեփանյանը ներկաներին, մասնավորապես` երիտասարդներին, մաղթեց լավ ու պիտանի մարդ լինել, ներդրում ունենալ հայրենիքի բարօրությանը՝ չտրտնջալ դժվարություններից, լինել հոգով ուժեղ։