Նորություններ /

17/12/18

ԱՄՓՈՓԻՉ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ՀՖԿՍՊԻ-ՈՒՄ

Աշխատանքային այցով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում էին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն››-ի և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները: Այցի նպատակը ՀՖԿՍՊԻ-ի կողմից 2016 թվականից մեկնարկած Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: Աշխատանքային խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը: Նա ընդգծեց, որ դրամաշնորհային այս ծրագիրը լավ խթան է սպորտի ոլորտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների արդիականացման տեսանկյունից:

Ներկաները շրջայցը սկսեցին նիստերի դահլիճից, եղան մուլտիմեդիա լսարանում, ծանոթացան ‹‹Սպորտ ԿԱԲ›› գիտահետազոտական կենտրոնում առկա սարքավորումներին:

Դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ՀՖԿՍՊԻ-ի Որակի ապահովման բաժնի տնօրեն Արայիկ Գյոզալյանը խոսեց կատարված աշխատանքի, արված ներդրումների մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքների և հետագա նպատակների մասին։ Ա. Գյոզալյանը շեշտեց, որ հետազոտական կենտրոնը կնպաստի բուհի միջազգայնացմանը: Միջազգային գործընկերների հետ արդեն կան փոխադարձ պայմանավորվածություններ, նախ` անցկացնելու վերապատրաստումներ` ձևավորված աշխատանքային խմբի համար, ապա` համատեղ իրականացնելու հետազոտական ծրագրեր տարբեր ֆորմատներով, որոնք ներառում են ֆիզիկական վարժությունների տեխնիկական գնահատման, կենսամեխանիկական շարժումների և գործողությունների եռաչափ վերլուծությունների, հենաշարժողական ապարատի խանգարումների հետազոտման, թթվածնի առավելագույն սպառման ցուցանիշների գրանցման ուղղությունները: Այցի ընթացքում ներկաները ԿԾԿ ԾԻԳ-ին ՀՖԿՍՊԻ-ի դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերած անկախ խորհրդատու Տիգրան Պետրոսյանի հետ քննարկեցին լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:

Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված գիտահետազոտական կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն ոչ միայն ՀՖԿՍՊԻ-ի ուսանողներն ու դասախոսները, այլև մարզաառողջարարական ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների ու այլ շրջանակների ներկայացուցիչները: