Նորություններ /

06/02/19
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Արսեն Ջուլֆալակյանը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Մինչ հանդիպման մեկնարկը խորհրդի նախագահը ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց ինստիտուտի տարածքում: Նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Շրջայցի նպատակն էր լավագույնս ծանոթանալ բուհի երկու ֆակուլտետների, բոլոր ամբիոնների, ստորաբաժանումների գործունեությանն ու ապագային միտված ծրագրերին: Խորհրդի նորընտիր նախագահը այցելեց Որակի ապահովման բաժին, Միջազգային և գիտատեղեկատվական կենտրոն, էլեկտրոնային ընթերցասրահ, ինստիտուտի պատմության թանգարան, տարբեր մարզադահլիճներ, լաբորատոր լսարաններ, որտեղ ներկայացվեցին բուհի կառուցվածքային առանձահատկությունները, գործող ծրագրերն ու առաջնահերթությունները:

Խորհրդի նախագահը եղավ նաև ‹‹Սպորտ Կաբ›› գիտահետազոտական կենտրոնում, որը, ինչպես նշեց կենտրոնի ծրագրերի ղեկավար Արայիկ Գյոզալյանը, հետամուտ է սպորտի ոլորտի գիտահետազոտական ուղղությունների և տեխնոլոգիական նորաստեղծության զարգացմանը: Ա. Ջուլֆալակյանը մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ նաև ՌԴ Վոլգոգրադի պետական տեխնիկական համալսարանից ժամանած փորձագետների հետազոտություններին, որոնք ներկայումս ինստիտուտում ընթանում են միջազգային գործընկեր բուհի հետ փոխգործակցության ծրագրի շրջանակներում: Շրջայցի բոլոր կանգառների տպավորություններն ամփոփվեցին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը: Հանդիպման սկզբում ներկաները նախ շնորհավորեցին հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու Հայաստանի վաստակավոր մարզիկ Արսեն Ջուլֆալակյանին օրերս ֆրանսիական Նից քաղաքում տեղի ունեցած ըմբշամարտի միջազգային մրցաշարին առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ: Այնուհետև խորհդի նախագահի առաջարկությամբ հանդիպումն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց ներկաներին ազատորեն ու անկաշկանդ ներկայացնելու իրենց հուզող հարցերը և հստակեցնելու տվյալ խնդրի հաղթահարման ուղիները:

Խոսելով խնդիրների մասին՝ բարձրաձայնվեցին մասնավորապես սպորտային հոգեբանության, սպորտային բժշկության ոլորտում առկա հիմնախնդիրները: Քննարկվեցին նաև ինստիտուտի միջազգային ծրագրերի զարգացման ուղենիշներն ու ներկայիս գերակայությունները:

Անդրադարձ եղավ նաև ներառական կրթության, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի բնագավառի խոցելի կողմերին: Հանդիպման ավարտին Արսեն Ջուլֆալակյանը խոստացավ այսպիսի հանդիպումները պարբերական դարձնել: