Նորություններ /

07/02/19
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական համաժողով` ‹‹Ադապտիվ թիավարություն-սպորտ, առողջություն, հասարակություն›› խորագրով:

Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը կատարեց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը: Ողջունելով մասնակիցներին` ռեկտոր Առաքելյանը շնորհակալություն հայտնեց սեմինար-խորհրդակցության կազմակերպիչներին: Իր խոսքում Առաքելյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց համաժողովի խորագրի վրա` ‹‹Ադապտիվ թիավարություն-սպորտ, առողջություն, հասարակություն››, որը նպատակ ունի հաշմանդամների սպորտի առողջարարական հատկանիշների միջոցով սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների կյանքն ու գործունեությունը դարձնել առավել լիարժեք: Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ով մեզ հետ զրույցում ընդգծեց համաժողովի անցկացման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս համախմբելու հաշմանդամների սպորտի ոլորտի գիտակ ու սրտացավ մասնագետների մեծ ներուժը՝ նպատակ ունենալով ապահովել սահմանափակ կարողություններ ունեցող մարզիկների մասնակցությունը բարձրագույն սպորտային միջոցառումներին, ինչպես նաև վերափոխելու հասարակական ընկալումներն ու հաղթահարելու խտրական վերաբերմունքի դրսևորումները։

Հայաստանի կանոեի և թիավարության ազգային ասոցիացիայի հետ համատեղ անցկացվող համաժողովին զեկուցումներով հանդես եկան Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Հովեյանը, նույն ամբիոնի ասիստենտ Անժելա Գաբրիելյանը՝ ‹‹Ես կարող եմ›› համահայկական մրցույթի հաջողությունների, ռաֆթինգի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների նվաճած հաղթանակների օրինակով ցույց տալով՝ հաշմանդամների սպորտում հնարավորի և անհնարինի սահմանները հաղթահարված են: Առանձին զեկուցումներով հանդես եկան Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակից Հ. Բարեղամյանը, ՀՖԿՍՊի-ի ՍՄԿ ֆակուլտետի Ա.Լալայանի անվան սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Բաբայանը: Ներկաները մեծ հետաքրքրությամբ հետևեցին ՍՄԿ ֆակուլտետի դեկան, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանի զեկուցմանը, որն ինտերակտիվ զրույց էր հաշմանդամների սպորտի զարգացման աշխարհի առաջավոր փորձի վերաբերյալ: Զեկույցում հատուկ անդրադարձ եղավ կամավորական համայնքների զարգացման անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կտա այդ աշխատանքներում ընդգրկելու ոչ միայն պատանիներին ու երիտասարդներին, այլև այնպիսի տարեց անձանց, ովքեր աշխարհում արդեն լուրջ քայլեր են արել ու վերահաստատել ‹‹սպորտը բոլորի համար գաղափարի›› անժխտելիությունը: Համաժողովի բանախոսների ելույթներում հանգամանալից կերպով դիտարկվեցին նաև ադապտիվ սպորտի սոցիալ-հասարակական ներազդման գործոնները, հստակեցվեցին ադապտիվ թիավարության մարզման գործընթացի հոգեբանամանկավարժական պահանջները, բժշկակենսաբանական առանձնահատկությունները:

Մեզ հետ զրույցում Հայաստանի կանոեի և թիավարության ազգային ասոցիացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը ևս նշեց որ, հարազատ բուհի հարկի տակ անցկացվող համաժողովը նպատակ ունի նպաստելու մարզիչների, սպորտային բժիշկների ու հոգեբանների վերապատրաստման ու փորձի փոխանակման ծրագրերի շարունականությանը, ինստիտուտի գիտական մեծ ներուժի շնորհիվ ճանապարհել բացելու միջազգային հարթակներ ու ընդլայնելու հաշմանդամների սպորտի զարգացման ու նորաստեղծության հնարավորությունները: Լիագումար նիստին հաջորդեցին կլոր սեղան-քննարկումները: Մասնակիցների ուշադրությանը ներկայացնելով շարժական մարզաբազայի գործարկման, միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործացության, հաշմանդամների սպորտի անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր՝ ծավալվեց ակտիվ քննարկում: