Նորություններ /

15/02/19
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հաղթող ճանաչվեցին ՀՀ 15 բուհերի 37 ուսանողներ՝ 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ):

Լավագույն ուսանող կոչմանն արժանացան նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներ Սլավիկ Գալստյանը և Մարիամ Միքայելյանը: ՀՖԿՍՊԻ-ի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Ըմբշամարտի ամբիոնի 3-րդ կուրսի ուսանող Ս. Գալստյանը հանրապետական մրցույթի մշակույթ-սպորտ ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր դարձավ, իսկ Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի կրթական ծրագրով մագիստրանտ, հրաձգության ՀՀ քառակի չեմպիոն, ռեկորդակիր, սպորտի վարպետ Մ. Միքայելյանը հաղթող ճանաչվեց 3-րդ տեղի համար: Պարգևատրման արարողությանը, ողջունելով և շնորհավորելով հաղթողներին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման մրցութային միջոցառումները հնարավորություն են տալիս լավ սովորող ուսանողներին գնահատել ու խրախուսել:

ԿԳ նախարարը իր խոսքում ողջունեց նաև բոլոր դասախոսներին՝ շեշտելով, որ ուսանողների, հատկապես լավագույն ուսանողների ձևավորման և արդյունքների ապահովման գործում նրանք կարևոր դերակատարում ունեն:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, ևս շնորհավորելով բոլոր ուսանողներին, որոնք արժանացան «Լավագույն ուսանող» բարձր պարգևին, ընդգծեց, որ ուսանողը բուհի շարժիչ ուժն է, կրթության և գիտության ոլորտի ապագան կերտողը:

Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով և միանվագ դրամական կրթաթոշակներով:

Միջոցառմանը ներկա էին նաև ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, տարբեր բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ: