Նորություններ /

27/02/19
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ‹‹Առողջ ողնաշար›› բժշկական կենտրոնի հետ համատեղ անցկացրեց վերապատրաստման երկօրյա դասընթաց` ‹‹Թեյփ-կապերի կիրառումը հոդի հատվածի վնասվածքների և հիվանդությունների ժամանակ›› թեմայով:

Սեմինար-դասընթացի շրջանակում կենտրոնի մանուալ թերապևտ, ռեաբիլիտոլոգ Տիգրան Գրիգորյանը նախ տեսականորեն, ապա գործնականում ներկայացրեց թեյփերի կիրառումը տարբեր հիվանդությունների դեպքում, հոդակապանային, մկանային գերձգումների և այլ վնասվածքների ժամանակ: Բժիշկ Գրիգորյանը ներկայացրեց նաև մասնագիտական խորհրդատվություն ախտորոշիչ բուժօգնության վերաբերյալ, անդրադարձավ հոդային հիվանդությունների կանխարգելման ու բուժման նոր և ժամանակակից մեթոդներին:

Ուսուցողական և գործնական դասընթացի երկրորդ օրը, որը նախատեսված էր մասնավորապես ուսանողների համար, բժիշկ Գրիգորյանը ցուցադրեց թեյփ-կապերի ճիշտ կիրառման կանոններն ու մոտեցումները, պարզաբանեց առանձին հիվանդությունների առաջացման պատճառներն ու բարդությունները: Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Է. Գալտագազյանը, Ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, դոցենտ Մ. Ասատրյանը, Կինեզիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա. Մարտիրոսյանը, Անատոմիայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս. Հովեյանը:

Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, համատեղ քննարկեցին առանձին դեպքեր։