Նորություններ /

28/02/19
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ 59-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ՀՖԿՍՊԻ-ի Միջազգային և գիտատեղեկատվական կենտրոնում ամփոփվել են Միջազգային օլիմպիական ակադեմիայի (ՄՕԱ) երիտասարդ մասնակիցների ամենամյա 59-րդ միջազգային նստաշրջանի մասնակցության հայտադիմումների տվյալները:

Հունիսի 6-15-ը Հունաստանում կայանալիք նստաշրջանին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը կներկայացնեն Գևորգ Խիթարյանը, Արման Ավետիսյանը, (ՍՄԿ ֆակուլտետ, Ըմբշամարտի ամբիոն), Լիլիթ Մկրտչյանը (ՍՄԿ ֆակուլտետ, Մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոն, հեռակա ուսուցման համակարգ):

Միջազգային և գիտատեղեկատվական կենտրոնի ղեկավար Անժելա Նուշիկյանի ընդգծմամբ` մասնակիցների ընտրությունը կատարվել է մի քանի չափանիշներով` նախ կարևորվել է մարզական ոլորտում նրանց ներգրավվածությունը, հաշվի է առնվել օտար լեզվի իմացության մակարդակը, ըստ արժանվույնս, դիտարկվել են տվյալ գիտական նստաշրջանի թեմայի շրջանակում (‹‹Օլիմպիական դիվանագիտություն››) ուսանողների հեղինակած զեկույցները, որոնցում առաջ են քաշվել բավականին հետաքրքիր տեսակետներ ու նոր մոտեցումներ:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, շնորհավորելով մրցույթը հաղթած ուսանողներին` առաջին քննությունը բարձր մակարդակով անցնելու կապակցությամբ, մաղթեց, որ շարունակեն լինել նույնքան աշխատասեր ու նպատակասլաց, դառնան օրինակելի մասնագետներ` արձանագրելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: