Նորություններ /

01/03/19
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԳՒՏԽՈՐՀՐԴՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցած գիտխորհրդի հերթական նիստը լի էր շնորհավորանքներով:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը անձամբ շնորհավորեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից անցկացված «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողներին՝ Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Ըմբշամարտի ամբիոնի 3-րդ կուրսի ուսանող, միջազգային կարգի սպորտի վարպետ, Երիտասարդների աշխարհի 3-րդ մրցանակակիր Սլավիկ Գալստյանին և Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի կրթական ծրագրով մագիստրանտ, հրաձգության ՀՀ քառակի չեմպիոն, ռեկորդակիր, սպորտի վարպետ Մարիամ Միքայելյանին:

Ռեկտոր Առաքելյանը խրախուսական պարգևներ հանձնեց սպորտ-մշակույթ ոլորտում «Լավագույն ուսանող» բարձր կոչմանն արժանացած ուսանողներին: Վրաստանից բարձր արդյունքներով էին վերադարձել ինստիտուտի Միջազգային և գիտատեղեկատվական կենտրոնի և ՖԴԱՏ ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի հետ համատեղ Ուռեկիի ՛՛Inclusive Practices՛՛ գիտահետազոտական վերականգնողական կենտրոնում իրականացված միջազգային մասնագիտական պրակտիկայի մասնակիցները:

Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Հովեյանի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակում պրակտիկանտները հնարավորություն են ունեցել վերականգնողական կենտրոնում մասնակից դառնալ տարբեր հետազոտությունների, բացահայտել աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների վերականգնողական բուժման նոր ու ժամանակակից մեթոդները, հանդես եկել սեփական գաղափարներով ու վերլուծություններով:

Նույն ծրագրի շրջանակում տեղի ունեցած համաժողովին, պրակտիկանտներից Մարիամ Խալափյանին հաջողվել է մի քանի տասնյակ մասնակիցների շրջանում աչքի ընկնել գիտագործնական իր զեկուցմամբ և ‹‹Սոցիոլոգիական հետազոտություն. ներառական միջավայր՝ միֆ, թե՞ իրականություն›› անվանակարգում գրավել առաջին տեղը:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ. Առաքելյանը, իր խոսքում խորին գոհունակություն հայտնելով ծրագրի պատասխանատուներին ու մասնակիցներին կատարած մեծ աշխատանքի ու գրանցած բարձր արդյունքների համար, շնորհավորեց բուհի շնորհալիներին և նշեց, որ իր համար հաճելի պարտականություն է պարգևատրել նմանօրինակ օրինակելի ուսանողներին:

Գիտխորհրդի նիստի ավարտին ներկաները ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորեցին ՖԴԱՏ ֆակուլտետի Մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանին՝ մաղթելով քաջառողջություն և նոր նվաճումներ: