Նորություններ /

25/03/19
ԲՈՒՀ- ՖԵԴԵՐԱՑԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

Մարտի 23-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկեց պիլոտային նախաձեռնություն, որի նպատակն է` բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը և սոցիալական ներգրավվածությունը:

Աշոցքի (Շիրակի մարզ) դահուկային կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մեկնարկ տվեց նաև փոխգործակցության ընդլայնման նոր ուղղության, որը նախատեսում է մասնագիտական պրակտիկայի (փորձառության) նոր հնարավորություններ ստեղծել բուհի ուսանողների համար:

ՍՄԿ ֆակուլտետի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի մի խումբ ուսանողներ ամբիոնի ասիստենտ Արևիկ Բաղդասարյանի ուղեկցությամբ մասնակցեցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մասնագետների անցկացրած դահուկային սպորտի անվճար դասընթացին (դահուկային գույքը տրամադրվեց անվճար), ծանոթացան մարզաձևի նրբություններին ու առանձնահատկություններին:

Ներկաները ծանոթանացան Աշոցքի դահուկային կենտրոնում կատարված ԵՄ ներդրումներին, մասնավորապես այց կատարեցին Աշոցքի դահուկավազքի կենտրոնի տաղավար, հյուրերին ցուցադրվեց նոր ձեռք բերված ձնամաքրման մեքենան (Ratrak)։

Անդրադարձ եղավ նաև հաշմանդամություն ունեցող անձանց ներառման վերաբերյալ ԵՄ առաջնահերթություններին և Leaving No One Behind ծրագրին: ՍՄԿ ֆակուլտետի դեկան, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի ընդգծմամբ՝ այս ծրագիրը խթանում է Հայաստանում ապրող և հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների մասնակցությունը բացօթյա միջոցառումներին ու ամրապնդում նրանց առողջ ապրելակերպը: Նախաձեռնության ուղենիշներից է նաև էապես բարձրացնել հանրային իրազեկվածությունը Հայաստանի և տվյալ դեպքում՝ Աշոցքի դահուկավազքի այն կենտրոնների վերաբերյալ, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և «Հայկական ճամբար լեզվի և առագաստանավի դպրոց›› ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրը նպատակուղղված է Աշոցքի դահուկային կենտրոնը դարձնել հասանելի հասարակության բոլոր շերտերի համար: