Նորություններ /

27/03/19
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ‹‹ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԻՄՔ›› ԹԵՄԱՅՈՎ

Միջազգային գիտագործնական համագործակցության շրջանակում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում էին գտնվում Ուռեկիի ՛՛Inclusive Practices՛՛ գիտահետազոտական վերականգնողական կենտրոնի մասնագետները: Այցի նպատակն էր ամփոփել վերականգնողական կենտրոնում Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի մի խումբ ուսանողների միջազգային պրակտիկայի արդյունքները, ինչպես նաև անցկացնել վարպետության դաս` ‹‹Ապրումակցումը՝ որպես ներառական պրակտիկայի հիմք›› թեմայով:

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց ԱՖԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Հովեյանը՝ իր խոսքում շեշտելով՝ միջազգային գործընկերների փորձի ուսումնասիրությունը մեծ հնարավորություն տվեց վերանայելու մտավոր սահամանափակ կարողություններ ունեցող երեխաների վերականգնողական թերապիայի իրականացման գիտահեն մեթոդներն ու մոտեցումները: Ս. Հովեյանի ընդգծմամբ՝ վերականգնողական կենտրոնը իր հարկի տակ ընդունած երեխաների օրինակով կարողացել է շատերին ապացուցել, որ այդ հիվանդությունը դատավճիռ չէ և հնարավոր է այն հաղթահարել մարզումների միջոցով:

Այս առումով պրակտիկան ուսանողներին հանարվորություն տվեց ոչ միայն յուրացնել մասնավորապես աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների մարզման, բուժման ու հետվերականգնողական աշխատանքների նորագույն մեթոդները, այլև վերարժևորել իրենց մասնագիտական առաքելության կարևորությունը: Վարպետության դասը, որը անցկացրեցին ′′Inclusive Practices՛՛ գիտահետազոտական վերականգնողական կենտրոնի համահիմնադիր Անաստասիա Մատվիևսկայան, ներառական սոցիալական համայնքների զարգացման փորձագետ Դմիտրի Վդովինը, ներառական հասարակություն ձևավորելու լավագույն փորձի ներկայացումն էր:

Անաստասիա Մատվիևսկայան ՛՛Inclusive Practices՛՛ վերականգնողական կենտրոնի լավագույն փորձի հիմնաքարն է համարում երեխա-բժիշկ-ծնող եռամիասնությունը, որը ապահովում է երեխաների ոչ միայն վերականգնողական, այլև բուժման գործընթացներում գրանցած մեծ հաջողությունները: Ներառական համայնքների փորձագետը անդրադարձավ նաև ցանկացած ոլորտում ներառական միջավայր ստեղծելու անհրաժեշտությանը:

Ինտերակտիվ ու փորձարարական միջավայրում անցկացված վարպետության դասի աշխատանքները հագեցած էին ու բովանդակալից: Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան մասնագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, առանձին օրինակներով քննարկվեցին ներառականության խոչընդոտներն ու դրանք հաղթահարելու ուղիները:

Ամփոփելով վարպետության դասը` ԱՖԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Հովեյանը իր գոհունակությունը հայտնեց մասնագետներին կատարած արդյունավետ աշխատանքների համար` հայտնելով, որ ՛՛Inclusive Practices՛՛ վերականգնողական կենտրոնի հետ համագործակցության ծրագրի շրջանակում ՀՖԿՍՊԻ-ին կմասնակցի ապրիլի 10-14-ը Ուռեկիում կայանալիք միջազգային փորձագետների խորհրդաժողովին: Բուհի պատվիրակ, փորձագետ Ս. Հովեյանը հանդես կգա զեկուցումով` ներկայացնելով բուհի և վերականգնողական կենտրոնի հետ փոխգործացության արդյունքներն ու առաջիկա անելիքները: