Նորություններ /

28/03/19
ՀԱՏՈՒԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Մարտի 8-22-ը Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած հատուկ Օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերից հայկական պատվիրակությունը վերադարձել է հաղթանակներով:

190 երկրի 7500 մարզիկների մասնակցությամբ անցկացված խաղերին հայ մարզիկներ Գևորգ Մանուկյանը (աթլետիկա) և Ռոբերտ Պետրոսյանը (լող) նվաճել են երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ:

Հայ մարզիկները իրենց մարզաձևերում ցուցաբերել են գերազանց արդյունքներ: Գևորգ Մանուկյանը հեռացատկ թափավազքով ձևում գրավել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի, իսկ 100մ վազքում նա նվաճել է ոսկե մեդալ։ Ռոբերտ Պետրոսյանը ևս ոսկե մեդալ է բերել Հայաստանին՝ 50մ թիկնալող ձևում գրավելով առաջին տեղը:

ՀՀ Հատուկ Օլիմպիադաներ ՀԿ-ի խորհրդի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար, ՀՖԿՍՊԻ-ի մագիստրատուրայի բաժնի պետ Արտակ Ստեփանյանի կարծիքով մարզիչներ Էրիկ Մարտիրոսյանի և Հմայակ Հայրապետյանի (լող) նվիրվածությունն ու մարզիկների հետ ճիշտ մարզումները հնարավորություն տվեցին հայկական պատվիրակությանը պատվով ներկայանալ մարզական այդ մեծ միջոցառմանը:

Ա. Ստեփանյանի տեղեկացմամբ՝ ՀՖԿՍՊԻ-ն՝ մասնավորապես Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի ուսանողները, կամավորական աշխատանքների իրականացման լավ փորձ ունեն, մշտապես մեծ պատրաստակամությամբ մասնակցում են ‹‹Հայկական հատուկ օլիմպիադաներ››-ի անցկացրած մարզական միջոցառումներին: Արդեն ուրվագծված են բուհի և ‹‹Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի համագործակցության զարգացման նոր ուղիները, որոնք կմիավորեն մասնագետների ջանքերը առանց սահմանափակումների և արգելքների մարզական հասարակություն ձևավորելու ուղղությամբ: Նա կարևորեց նաև կատարել հանրային իրազեկման ու ներգրավման աշխատանքները նոր ոճով կատարելը: Գործուն գաղափաներ արդեն կան. ‹‹Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի խորհրդի նախագահը լիահույս է՝ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Նոր հույսեր ու առավել մեծ սպասումներ են կապված 2021թ-ին Շվեդիայում կայանալիք հատուկ Օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերին հայ մարզիկների մասնակցության հետ: