Նորություններ /

29/03/19
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՖԿՍՊԻ-ՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագրի ներկայացուցիչների (ծրագրի հավաքագրման մասնագետներ Սոնա Հովհաննիսյան, Գոռ Նազարյան) հանդիպումը ուսանողների հետ: Հանդիպման սկզբում ծրագրի հավաքագրման մասնագետ Սոնա Հովհաննիսյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրի առաքելությունն ու նպատակները, դիմելու կարգը:

Նշվեց, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Առաջնորդության զարգացման ծրագիը, որի նպատակն է` բարելավել հանրապետության բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և վերապատրաստելով բուհերի շրջանավարտներին՝ որպես ուսուցիչներ, և այնուհետև նրանց գործուղել մարզային դպրոցներ, որտեղ կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք: Այն միտված է` բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագրի մասնակիցները գործուղվում են Հայաստանի վեց՝ Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, որտեղ կա որակավորված ուսուցիչների պակաս: 2017 թ.-ից ծրագիրն իրականացվում է նաև Արցախում:

Գործունեության 5 տարիների ընթացքում հանրապետության 85 դպրոցում հաջողվել է ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները ներդրել են իրենց լավագույն փորձն ու գիտելիքները, սիրտն ու հոգին նվիրել հեռավոր գյուղերի երեխաների կրթությանը։

Մասնակիցները կօգտվեն հետևյալ արտոնություններից՝ աշխատավարձ և կրթաթոշակ, դասավանդման վկայականի կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերում, առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետի շարունակական աջակցություն:

Ս. Հովհաննիսյանը, պատասխանելով ներկաների հարցերին, նշեց, որ երկամյա ծրագրի պահանջներից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները բնակվեն իրենց դասավանդման համայնքներում, իրականացնեն լրացուցիչ պարապմունքներ աշակերտների հետ և աջակցեն նաև համայնքի զարգացմանը: Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին ծրագրի մասնակիցներ Անդրանիկ Մանուկյանը և Անդրուշ Հախեյանը:

Մինչ Դասավանդի՛ր, Հայաստան»-ին միանալը Անդրանիկը դասավանդում էր ՀՖԿՍՊԻ-ի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնում, բուհական կրթությունը զարգացնելու շատ նորարար գաղափարներ ուներ, բայց հաստատակամորեն որոշեց մեկնել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ:

Եվ արդյունքում՝ իրականություն դարձան այն գաղափարները, որոնք տեղացի երեխաների համար երազանք էին դարձել. ստեղծեցին լրագրության խմբակ, ունեցան սեփական բլոգ, բացվեցին նորաստեղծ գրադարանի դռները: Գյուղում գործող ռոբոտաշինության լաբորատորիան ևս Անդրանիկի և իր մեծ թիմի լավագույն ձեռքբերումներից է: Կավագործության արհեստանոցի մասին նույնպես աչքերի փայլով են խոսում, և այնտեղ պատրաստված յուրօրինակ բաժակները իբրև հուշանվեր մատուցում իրենց հյուրերին:

Անդրանիկն այս տարի ավարտում է ծրագրին իր մասնակցությունը: ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտներից Անդրուշ Հախեյանը ևս ուսանողներին պատմեց ծրագրին միանալու իր որոշման մասին: Ըմբիշ Անդրուշը, տեղափոխվելով Արցախի Քաշաթաղ շրջանի հեռավոր գյուղերից մեկը, ամեն օր դասարան է մտնում մի նպատակով՝ որ այսօրվա դասը պետք է մի նոր բան տա աշակերտներին: Հանդիպման ավարտին ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ուսանողներին ներկա գտնվելու համար և հանդիպումը ավարտեցին կարևոր հարցադրումով՝ ո՞վ, եթե ոչ՝ ես, ե՞րբ, եթե ոչ՝ հիմա կարող ենք ստեղծել այն Հայաստանը, որի մասին երազում ենք: