Նորություններ /

01/04/19
ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում անցկացվեցին ՀՀ մանկապատնեկան մարզադպրոցներում աշխատող գեղարվեստական մարմնամարզության, սպորտային մարմնամարզության և սպորտային ակրոբատիկ մարզաձևերի մարզիչ-մանկավարժների վերապատրաստման և որակավորման դասընթացներ: Դասընթացներին մասնակցեց 32 մարզիչ-մանկավարժ:

Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նարինե Սելումյանի տեղեկացմամբ՝ տեսական ու գործնական դասերը միտված էին մասնակիցներին փոխանցելու տվյալ ոլորտի նորարարությունները, մասնավորապես՝ անդրադարձ եղավ մարզչամանկավարժական գործունեության արդիականացմանը: Արդյունավետ էին նաև ՀՖԿՍՊԻ-ի Որակի ապահովման բաժնի մասնագետների հետ ունեցած հանդիպում-քննարկումները:

Վերապատրաստում անցած բոլոր մարզիչ-մանկավարժները ստացան համապատասխան վկայականներ:

Որակավորման դասընթացների ավարտին վերապատրաստում անցած մասնագետներից մի քանիսը հանդիպեցին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանի հետ: Ռեկտոր Առաքելյանը հույս հայտնեց, որ իրականացված աշխատանքները լավագույնս կանդրադառնան մարզական մասնագետների աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա:

Միջազգային կարգի սպորտի վարպետներ Էդուարդ Գևորգյանը և Մարտին Հակոբյանն իրենց գոհունակությունը հայտնեցին ռեկտոր Առաքելյանին` վերապատրաստման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար:

Վ. Առաքելյանի օժանդակությամբ՝ բարձրակարգ մարզիկների համար կգործեն գիտահետազոտական կենտրոնում հետազոտություն անցնելու արտոնյալ պայմաններ: