Նորություններ /

18/04/19

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ. ԷՔՍՊՈ- 2019

‹‹Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվեց «Կրթություն և կարիերա. էքսպո-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին ավելի քան 80 կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետությունից, Բելոռուսից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Չեխիայի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից:

Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝ բաց հարթակ ապահովելով աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման, իսկ ուսանողների համար՝ զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման համար: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Շրջելով ցուցահանդեսի տաղավարներում՝ նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանը եղան նաև ՀՖԿՍՊԻ-ի տաղավարում:

ՀՖԿՍՊԻ-ի դիմորդները և, պարզապես հետաքրքրվողները, բուհի տաղավար այցելելով, կարող են ձեռք բերել «Դիմորդի ուղեցույց»-ը, որտեղ մանրամասն տեղեկություն կա բոլոր մասնագիտությունների, կրթական նոր առաջարկների և հնարավորությունների մասին:

Տաղավարում ներկայացված էին միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում իրականացված լայնասպեկտոր աշխատանքները, ինչպես նաև վիզուալ տեղեկություն նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

ՀՖԿՍՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի բաժնի ղեկավար Մեսրոպ Բարբարյանի խոսքով՝ ներկայացվող կրթական առաջարկների հիմքում ուսանողների հմտությունների զարգացումն է, ինչը բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման համար լավ նախադրյալներ է ստեղծում:

ՀՖԿՍՊԻ-ին հանդես եկավ նաև մի շարք մարզաձևերի ժամանակակից գույքով և սպորտի ոլորտի հետազոտական ծրագրերի իրականացման նորագույն սարքավորումներով, որոնք գործում են բուհի ‹‹Սպորտ ԿԱԲ›› գիտահետազոտական կենտրոնում:

Ցուցահանդեսի մասնակիցների հարցերին պատասխանում էին բուհի դասախոսներն ու ուսանողները. այցելուները հիմնականում հետաքրքրված էին կրթական ծրագրերով և թե ինչպես են անցկացվում ընդունելությունները: ՀՖԿՍՊԻ-ում իրականցվող կրթական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությանը հնարավոր կլինի ծանոթանալ մինչև ապրիլի 19-ը: