Նորություններ /

22/04/19
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԿՈՄԻՏԵ»-Ի ՀԵՏ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանն ընդունեց «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանին, գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանին և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ‹‹Ագիդոս›› հիմնադրամի գնահատման, մարկետինգի և ուսուցման բաժնի ղեկավար Կիարա Քրիբենին:

Հանդիպմանը ներկան էին նաև ՀՖԿՍՊԻ-ի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանը և Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի վարիչ Սուսաննա Հովեյանը: Այցի նպատակն էր ներկայացնել 2016-ից Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հետ իրականացվող ‹‹Ես այդ կարող եմ›› (I՛m possible) ծրագրի արդյունքներն ու նոր ուղղությունները:

Նշենք, որ ծրագիրը իրականացվել է հանրապետության չորս դպրոցներում և բուհերում. ՀՖԿՍՊԻ-ն ծրագրի մեկնարկից նախաձեռնության մասնակիցն էր: Հանդիպման սկզբում ռեկտոր Առաքելյանը ողջունեց հյուրերին, իր խոսքում ընդգծեց կոմիտեի հետ բուհի ձևավորած սերտ համագործակցության մասին, որը նպատակ ունի սպորտի միջոցով նպաստել ներառականության գաղափարների տարածմանն ու գործուն քայլերի իրականացմանը:

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը ներկայացրեց ՛՛I՛m possible՛՛ ուսումնական նոր ձեռնարկը, որտեղ ներկայացված են պարալիմպիկ շարժման առաքելությունը, նպատակն ու արժեքները, ներառականության տեսլականը:

Ինչպես նշեց Հ. Աբրահամյանը, առաջարկվում է ձեռնարկի նյութերը ներդնել կրթական հաստատությունների ուսումնական պլաններում: Ծրագրի շարունակականության շրջանակում կիրառելով ՀՖԿՍՊԻ-ի ներառականության ոլորտում ունեցած փորձն ու բազան` բուհը կդառնա պարալիմպիկ խաղերի և մարզական այլ միջոցառումների կենտրոնը:

Կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը ներկայացրեց մանրամասներ ‹‹Ես այդ կարող եմ›› ծրագրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ծրագրի գործիքակազմը իրազեկման այն համապարփակ աշխատանքներն են, որոնց կարիքը իրապես կա կրթական համակարգում և հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ‹‹Ագիդոս›› հիմնադրամի գնահատման, մարկետինգի և ուսուցման բաժնի ղեկավար Կիարա Քրիբենը իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ռեկտոր Վ.Առաքելյանին իրականացված ծավալուն աշխատանքներին օժանդակելու համար` նշելով` տպավորված է, որ աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվող այս ծրագրին Հայաստանը առաջինն է միացել: Կիարա Քրիբենը հավելեց՝ երբ մարդիկ տեսնում են, թե հաշմանդամություն ունեցող անձն ինչեր կարող է անել, կարծես հասարակության տարբեր շերտերի մոտ պատասխանատվություն է ծնվում, որ օգնեն պարալիմպիկ շարժմանը: