Նորություններ /

23/04/19
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ…

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի գլխավորությամբ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը ջերմ ընդունելությամբ դիմավորեց իր նորընծա չեմպիոններին: Բոլորովին վերջերս ինստիտուտի ՍՄԿ ֆակուլտետի Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի 1-ին կուրսի ուսանող Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

2018թ. Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալակիր, Նանջինգ-2014 Պատանեկան oլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 371 կգ (164+207) արդյունք: Նա Եվրոպայի ռեկորդ սահմանեց երկամարտում: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի առաջին մեդալն էր երկամարտում:

ՀՖԿՍՊԻ-ի ուսանողուհի, բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը անգերազանցելի էր Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի առաջնությունում. 51 կգ քաշային կարգում 21-ամյա մարզուհին եզրափակչում հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչ Կարլի Մկնաուլին՝ նվաճեց ոսկե մեդալ:

Ողջունելով և շնորհավորելով հաղթանակներով վերադարձած ուսանողներին՝ բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանն իր խոսքում շեշտեց ուրախության ու հպարտության մասին, որ ինստիտուտում ապրեցին ուսանողների հաղթանակների մասին լուրը լսելիս:

Ռեկտոր Առաքելյանը մարզիկներին մաղթեց՝ նույն եռանդով ու նպատակասլացությամբ ձգտեն նորանոր հաղթանակների ու մարզական բարձունքների:

Նորընծա չեմպիոնները, կիսվելով առաջնություններից ունեցած իրենց տպավորություններով, նշեցին՝ քրտնաջան մարզումներն ու չեմպիոն դառնալու մեծ ցանկությունը հաջողության ամենագլխավոր գրավականն է:

Հանդիպման ավարտին պրոֆեսորադասախոսական ողջ կազմը ևս մեկ անգամ շնորհավորեց նորընծա չեմպիոններին հաղթանակների կապակցությամբ: Չեմպիոն ուսանողներին հանձնվեցին նաև դրամական պարգևներ։