Նորություններ /

30/04/19
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ԽԹԱՆՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարկետինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Գրիշա Թամրազյանը, ՀՀ բուհերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակից օտարերկրյա 5 բուհերի ներկայացուցիչներ, թվով՝ 100 պատվիրակ: Աշխատաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել նաև ՀՖԿՍՊԻ-ի Միջազգային և գիտատեղեկատվական կենտրոնի ղեկավար Անժելա Նուշիկյանը և կենտրոնի թարգմանիչ Արմինե Սարգսյանը։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ ներկայումս Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը գտնվում է անցումային և փոփոխությունների փուլում, որը պայմանավորված է համակարգի առջև ծառացած նոր մարտահրավերներով: Հետևաբար, անհրաժեշտ է ընդլայնել բուհերի ակադեմիական ազատությունները, մեծացնել բուհերի ինքնավարությունը, թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը, ձևավորել նոր կառուցակարգեր, որոնք լավագույնս կարտացոլեն ուսանողների տարատեսակ պահանջմունքները, ինչպես նաև ուժեղացնել բուհերի հետազոտական կարողությունները, որոնք կնպաստեն նաև կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան: Այնուհետև աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բուհերի միջազգայնացման ռազմավարության ուղղությամբ BOOST ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարությունը:

Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական համալսարանի և Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են եվրոպական լավագույն փորձը։

Աշխատաժողովին անդրադարձ է արվել նաև «Study in Armenia» պլատֆորմին և այն` որպես մարկետինգային գործիք կիրառելու հնարավորություններին: