Նորություններ /

15/05/19
ԲՈՒՀԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Սպորտի մենեջմենտի և հասարակական գիտությունների ամբիոնում օրերս ամփոփվեցին Սպորտի մենեջմենտի և մարկետինգի կրթական ուղղության մագիստրատուրայի ուսանողների մասնագիտական պրակտիկայի (փորձառության) աշխատանքները:

Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը, խոսելով պրակտիկայի և ձեռքբերված արդյունքների մասին, ընդգծեց, որ ութ մագիստրանտներից չորսը կարողացել են փորձառու մասնագետներին տպավորել իրենց ունակություններով և առաջիկայում հնարավորություն կունենան աշխատանքի անցնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում:

Նշենք, որ մագիստրանտների գիտահետազոտական պրակտիկան անցկացվել է ՀԱՕԿ-ում, Հայաստանի ֆուտբոլի, դահուկասպորտի, ծանրամարտի ֆեդերացիաներում և ‹‹Օլիմպավան›› մարզական համալիրում:

Ա. Հարությունյանի խոսքով՝ ՀԱՕԿ-ում մշակվել էր գիտահետազոտական պրակտիկայի բավականին հագեցած օրակարգ: Պրակտիկայի աշխատանքներըը ղեկավարում էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանը:

Նախ պրակտիկանտները ծանոթացել են տարբեր մարզաձևերի, ՀԱՕԿ-ի մարկետինգի ռազմավարությանը, ինչպես նաև մանրակրկիտ ներկայացվել են Միջազգային օլիմպիական կոմիտեի ստանդարտները:

Աշխատաժողովների ընթացքում ձևավորված թիմերը, կատարելով մարկետինգային հետազոտություններ, ՀԱՕԿ-ի մասնագետների ուշադրությանն են ներկայացրել սպորտի ոլորտի կառավարման իրենց տեսլականը, ինչպես նաև՝ մասնավոր ներդրողների հետ արդյունավետ համագործակցելու մոդելներն ու մեխանիզմները:

Մագիստրանտ Անահիտ Ղազարյանի խոսքով՝ պրակտիկայի սկզբնական շրջանում խիստ դրված վերջնաժամկետի պայմաններում աշխատելը մի փոքր դժվարություններ է առաջացրել, սակայն ՀԱՕԿ-ի փորձառու մասնագետների աջակցությամբ կարողացել են մեկտեղել տեսական ու գործնական հմտությունները և քննարկման ներկայացրել Օլիմպիական խաղերում բիզնես գործընկերների ներգրավման սեփական գաղափարներն ու առաջարկները:

Մագիստրանտ Գևորգ Զոհրաբյանն էլ հավելում է, որ պրակտիկայի ավարտին էլ շարունակում են համագործակցել ՀԱՕԿ-ի մարկետինգի բաժնի աշխատակիցների հետ, որոնք մշտապես պատրաստակամ են երիտասարդներին փոխանցել իրենց փորձն ու խորհուրդները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված պրակտիկան ևս միտված էր սպորտի ոլորտի ապագա մենեջերների և շուկայագետների գործնական գիտելինքների խորացմանն ու զարգացմանը:

Պրակտիկայի շրջանակում մագիստրանտները հյուրընկալվել են նաև Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, հանդիպելով պրակտիկանտների հետ, նրանց է ներկայացրել է, թե ինչպիսի գործիքակազմով են ֆեդերացիայում մշակում ֆինանսագոյացման քաղաքականությունը, մանրամասնել ծախսերի տնօրինման միջազգային մոդելները:

Պրակտիկայի ծրագրով նախատեսված էր նաև աշխատանքային հանդիպումներ «Օլիմպավան» մարզական համալիրի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում մասնակիցները մոտիկից ծանոթացել են միջազգային մարզիկների ընդունման գործելաոճին և համալիրի կառավարչական գործերի վարմանը:

Ամփոփելով գիտահետազոտական պրակտիկայի տարբեր ուղղություններով իրականացված աշխատանքները՝ Անահիտ Հարությունյանը բարձր է գնահատում բուհի և մարզական կառույցների միջև ձևավորված համագործակցային մթնլորտն ու ձեռքբերված արդյունքները` առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ռեկտոր Վահրամ Առաքելյանին պրակտիկայի աշխատանքներին օժանդակելու համար: