Նորություններ /

18/05/19
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ EXPO

ՀՖԿՍՊԻ-ի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը և մագիստրանտները մասնակցեցին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպված «Հոգեբանական վերնիսաժ EXPO» ցուցահանդեսին:

Այն այս տարի 10-րդ անգամ անցկացվեց: Ցուցահանդեսը նպատակն էր` հանրությանն իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերներին, նպաստել բակալավրիատի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, տարբեր մասնագիտացումներով ուսանողներին տալ ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն:

ՀՖԿՍՊԻ-ի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Թադևոս Սոֆյանի ընդգծմամբ՝ այս միջոցառումը նպաստում է նաև հոգեբանական ոլորտի մասնագիտական շփումների ընդլայնմանը՝ մեկ վայրում հավաքելով տարբեր բուհերի դասախոսներին, ուսանողներին և շրջանավարտներին, հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին, ինչպես օրինակ՝ ‹‹Ապագա›› հոգեբանական ծառայության կենտրոնի հետ համագործակցությունը:

Թ. Սոֆյանի և կենտրոնի մասնագետների արդյունավետ համագործակցության արդյունքում շարունակվում են ուսանողների համար իրականացվել գիտագործնական տարբեր միջոցառումներ, անցկացվում գործնական-հետազոտական թրեյնինգներ, կազմակերպվում քննարկումներ հոգեբանության ոլորտի արդի խնդիրների և պահանջների մասին: Ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Աննա Ստեփանյանը ևս կարևորում է իրենց մասնակցությունը հոգեբանական վերնիսաժ EXPO-ին՝ շեշտելով, որ միջոցառումը լավ հարթակ է, որտեղ շրջանավարտները կարող են ծանոթանալ մագիստրոսական կրթական նոր ծրագրերին: Ա. Ստեփանյանի խոսքով՝ ցուցահանդեսը նաև մասնագիտական հաղորդակցման և փոխհամագործակցությա դաշտ է ստեղծում: Հավելենք նաև, որ միջոցառման ընթացքում Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի մագիստրանտները այցելուներին ներկայացնում էին ամբիոնի կրթական ծառայությունների շրջանակը, առաջարկում խորհրդատվություն, տրամադրում ուղեցույցներ և ներկայացնում ամբիոնի դասախոսների գրքերը: