Նորություններ /

30/05/19
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԿՈՆՖԵՐԱՆՍ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը մասնակցեց ‹‹Խաղային և մենապայքարային մարզաձևերի ժամանակակից նվաճումները. զարգացման միտումները» խորագրով ուսանողական միջազգային հեռակոնֆերանսին, որն անցկացվեց Բելառուսի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ։

Օնլայն կոնֆերանսին, որը վարում էր Բելառուսի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Սերգեյ Ռեպկինը, մասնակցում էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Բելառուսի պետական համալսարանը և Պ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, տեսակապի միջոցով ողջունելով գիտաժողովի բոլոր մասնակիցներին, նախ նշեց, որ մեծ պատասխանատվություն է մասնակցել նմանօրինակ մասշտաբային միջոցառմանը, որն անցկացվում է առաջին անգամ՝ համախմբելով գիտական մտքի ու ներուժի այդքան մեծ թվով ներկայացուցիչների:

Վ. Առաքելյանը, շնորհավորելով մասնակիցներին գիտաժողովի աշխատանքների մեկնարկի առիթով, բոլորին մաղթեց արդյունավետ և բովանդակալից քննարկումներ և նորանոր ձեռքբերումներ գիտակրթական հետագա ձեռնարկումներոում:

Ուսանողական միջազգային հեռակոնֆերանսին զեկուցումներով հանդես եկավ տասը ուսանող: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ներկայացնում էին բուհի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Կիրառական մարզաձևերի ամբիոնի ուսանող, Դահուկասպորտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը և նույն ֆակուլտետի Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի մագիստրանտ Նարինե Վարդանյանը: Դահուկասպորտի Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը իր զեկուցմամբ անդրադարձավ ուսանողական դահուկասպորտի զարգացման հեռանկարներին ու միտումներին: Ուսանողի ընդգծմամբ՝ անհրաժեշտ ֆինանսավորման, ինչպես նաև մասնագիտացված մարզիչների պակասը ոլորտի առաջնային խնդիրներից են:

Վերջինս խորին շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանին և իր հետազոտական աշխատանքի գիտական ղեկավար, ՍՄԿ ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանին` ցուցաբերած մասնագիտական մեծ աջակցության մասին:

ՀՖԿՍՊԻ-ի Որակի ապահովման բաժնի պետ Արայիկ Գյոզալյանի խոսքով՝ հեռակոնֆերանսների դերը փորձի փոխանակման և ուսանողների կողմից սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ոլորտի խնդիրների ուումնասիրության տեսանկյունից շատ կարևոր է:

ՀՖԿՍՊԻ-ի Միջազգային և գիտատեղեկատվական կենտրոնի ղեկավար Անժելա Նուշիկյանի խոսքով՝ ներկայումս գիտական հեռակոնֆերանսների անցկացման մի շարք առաջարկներ կան միջազգային գործընկեր բուհերի կողմից. նախատեսվում է այս ձևաչափի համագործակցային ծրագրերում, մասնավորապես` հեռակոնֆերանսներում ընդգրկել առավել մեծ թվով ուսանողների: Առաջիկայում կանցկացվի հերթական օնլայն գիտաժողովը բուհի դասախոսների մասնակցությամբ:

Բովանդակալից քննարկումներով ուղեկցված գիտաժողովի ավարտին ևս մեկ անգամ ողջունելով հայ գործընկերներին՝ Բելառուսի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Սերգեյ Ռեպկինը իր խորին գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանին, բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին բարձր մակարդակով իրականացված աշխատանքների համար՝ առաջին համատեղ հեռակոնֆերանսը համարելով կայացած: