Նորություններ /

11/06/19
ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ‹‹ՍՊՈՐՏ ԿԱԲ›› ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այցելեց բուհի «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոն:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը նախ ծանոթացավ կենտրոնի աշխատակազմի հետ, ապա ներկայացվեցին ներկայումս իրականացվող հետազոտական աշխատանքների ուղղությունները` շեշտադրելով, որ այստեղ միջազգային չափանիշներով գիտափորձեր և հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են: Հետազոտական ուղղությունների պատասխանատուների ընդգծմամբ` համագործակցությունը սպորտային փորձառու բժիշկների հետ, եզակի սարքավորումների առակայությունը թույլ են տալիս մասնագիտացված հետազոտություններն անցկացնել տվյալների առավելագույն ճշգրտությամբ, պարզել մարզիկների բեռնվածության առավելագույն մակարդակը և սահմանել հետվերականգնողական գործընթացների ողջամիտ ժամկետ: Գիտահետազոտական կենտրոն կատարած այցի շրջանակում Արսեն Ջուլֆալակյանը անցավ նաև տարբեր տեսակ հետազոտություններ, որոնք նպատակ ունեին պարզելու մարզիկի մարմնի քաշը, ճարպի և ջրի պարունակությունը, մետաբոլիկ տարիքը, ոսկրային զանգվածը: Մասնագետները կատարեցին նաև Ա. Ջուլֆալակյանի սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքի հետազոտում` գնահատելով նաև աշխատունակության արձանագրված ցուցանիշները:

ՀՖԿՍՊԻ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով` տպավորված է կենտրոնի բանիմաց մասնագետների կատարած բարձրակարգ աշխատանքով` ընդգծելով, որ այստեղ ուսանողներն ու գիտնականները կարող են իրագործել իրենց ինովացիոն գաղափարները` օգտագործելով նյութատեխնիկական ողջ բազան: ‹‹Հաշվի առնելով տարբեր երկրներում ունեցածս ստուգումների փորձը՝ հաճելիորեն զարմացա, որ մենք էլ ունենք նման բարձրակարգ բացառիկ սարքավորումներ մեր երկրում, և մեր մարզիկները ևս կարող են օգտվել դրանցից››,- իր խոսքում առանձնացրեց Ա. Ջուլֆալակյանը:ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, տեսակապի միջոցով ողջունելով գիտաժողովի բոլոր մասնակիցներին, նախ նշեց, որ մեծ պատասխանատվություն է մասնակցել նմանօրինակ մասշտաբային միջոցառմանը, որն անցկացվում է առաջին անգամ՝ համախմբելով գիտական մտքի ու ներուժի այդքան մեծ թվով ներկայացուցիչների:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, խոսելով կենտրոնի ներկայիս և առաջիկա ծրագրերի մասին, շեշտեց, որ գիտահետազոտական աշխատանքները հիմնականում իրականացվում են կրթության և նորարարության խթանման ուղղություններով, և այդ համատեքստում բուհը անում է առավելագույնը իր ունեցածը ներուժը ողջ ծավալով օգտագործելու համար: «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Արայիկ Գյոզալյանի խոսքով` միջազգային գործընկեր բուհերի հետ համատեղ իրականացված հետազոտական աշխատանքները ցույց տվեցին, որ կենտրոնի եզակի սարքավորումների ֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս ցանկացած պատվեր իրագործել` հավելելով, որ ժամանակակից սարքավորումների կիրառմամբ հնարավոր է լաբորատոր պայմաններում մոդելավորում ու մարզական ցուցանիշների բարելավում իրականացնել, ու արդյունքը կիրառել մարզական ինդուստրիայում:

Առաջիկայում Երևանի ֆուտբոլի ակադեմիայի, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կիրականացվեն հետազոտական լայնածավալ աշխատանքներ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս պատրաստվում է անհատական հետազոտություն անցնել «Սպորտ ԿԱԲ» հետազոտական կենտրոնում` իր մարզավիճակի բարելավումը վստահելով կենտրոնի բանիմաց մասնագետներին: