Նորություններ /

21/06/19
ՄՕԱ-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ 59-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներ Գևորգ Խիթարյանը և Լիլիթ Մկրտչյանը Հունաստանից վերադարձել են վառ տպավորություններով:

Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Ըմբշամարտի ամբիոնի ուսանող Գևորգը և մարմնամարզուհի Լիլիթը մեկնել էին Հունաստան` մասնակցելու Միջազգային օլիմպիական ակադեմիայի (ՄՕԱ) երիտասարդ մասնակիցների ամենամյա 59-րդ միջազգային նստաշրջանին: Երիտասարդ մասնակիցների ընդգծմամբ՝ երկշաբաթյա նստաշրջանը հագեցած էր. օլիմպիական արժեքների ու գաղափարախոսության զարգացմանը վերաբերող քննարկումների են մասնակցել, հայ պատվիրակները հանդես են եկել առանձին ելույթներով, կարևորել սպորտի միավորող ուժն ու խոսել սպորտն առանց սահմանափակումների և խտրականությունների իրենց տեսլականի մասին:

Ամենամյա նստաշրջանը հագեցած էր նաև մշակութային միջոցառումներով, որոնց մեր պատվիրակներն ակտիվորեն մասնակցել են և տպավորել ներկաներին: Քաղաքակրթությունների կենտրոն համարվող Աթենքում Գևորգն ու Լիլիթն աշխարհին ներկայացրել են հայ ժողովրդի հազարամյակների պատմության կարևոր դրվագները, պատմել հայ գյուտարարների այն հայտնագործությունների մասին, առանց որոնց աշխարհը դժվար է պատկերացնել, հպարտությամբ են խոսել լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի և այլ մեծ հայերի մասին: Օլիպիական խաղերի հաղթողներին նվիրված ծառուղում Գևորգն ու Լիլիթը նստաշրջանի մասնակիցներին ևս պատմելու շատ բան ունեին. Վարազդատ արքայի մարմարե արձանի մոտ հպարտությամբ ներկայացրել են հայ թագավորի մասին, որը 394 թվականին տեղի ունեցած օլիմպիական խաղերում դարձել է բռնցքամարտի մրցումների հաղթող:

Լիլիթի ներկայացրած հայկական պարը անտարբեր չի թողել ոչ մեկին. քոչարի են պարել բոլորով:

Միջազգային օլիմպիական ակադեմիայի ամենամյա նստաշրջանից բազմազան տպավորություններով վերադարձած ուսանողներն իրենց խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին բուհի ռեկտոր Վ.Առաքելյանին` մեծ վստահության համար: