Նորություններ /

22/06/19
ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 20-ՐԴ ԽԱՂԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերի» գարնանային փուլի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան:

Միջոցառմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մրցանակային տեղեր նվաճած ուսանողներ և դասախոսներ:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության բացման խոսքում ներկաներին ողջունեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջին տեղակալ և գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց հարազատ բուհին՝ ի դեմս ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի` միջոցառման համար: Հ. Գաբրիելյանը նշեց, որ այս տարին հայաստանյան ուսանողական սպորտի համար հոբելյանական է. լրանում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գործունեության 25-րդ տարին, ինչպես նաև հանրապետական մարզական խաղերն անցկացվում են արդեն 20-րդ անգամ: Այս առիթով միջոցառումներն այս տարի ավելի մասշտաբային են:

ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերի շրջանակում ընդգրկված 14 մարզաձևերից անցկացվեցին 18 տարբեր մարզաձևերի առաջնություններ: Գարնանային փուլն իրականացվեց վեց մարզաձևերից՝ սեղանի թենիս, հրաձգություն, ուժային եռամարտ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ: Առաջնությանը մասնակցել է 24 բուհ:

Ինչպես հավելեց Հ. Գաբրիելյանը, ուսանողական խաղերը վերսկսվելու են աշնանը և կեզրափակվեն դեկտեմբերին: Մրցանակաբաշխությանը հնչած շնորհավորանքներից և ելույթներից հետո ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը և մարզական այլ կառույցների ներկայացուցիչները մրցանակներ, պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեցին: