Նորություններ /

26/06/19
«ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Որակի ապահովման բաժնի և Միջազգային և գիտատեխնիկական կենտրոնի նախաձեռնությամբ Աղվերանում կայացավ ‹‹Որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրները և մարտահրավերները›› խորագրով միջազգային աշխատաժողովը:

Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ հայաստանյան 12 բուհերից և այլ կրթական հաստատություններից: Աշխատաժողովը վարեցին հրավիրված միջազգային փորձագետներ՝ Բելգիայի Լյովեն քաղաքի Թոմաս Մուր համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հիլդա Շելսը, նույն համալսարանի Լրագրության ֆակուլտետի դեկան Իրիս Դե Ռուվերը, ինչպես նաև ինտերակտիվ զեկուցումներով հանդես եկան Բարձրագույն ուսումնական հաստատութունների եվրոպական ասոցիացիայի ( European Association of Institutions in Higher Education) նախկին գլխավոր քարտուղար Յոհան Կլոեն և միջազգային փորձագետ Էրիկ Թամբորին: Աշխատաժողովում ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, որը կարևոր ու պահանջված համարեց կրթության հիմնախնդիրների շուրջ նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն ու անցկացումը:

Աշխատաժողովի բացմանը ելույթներ ունեցան նաև ՀՖԿՍՊԻ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության Մասնագիտական քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: ՈԱԱԿ-ի տնօրենը նշեց, որ ՀՖԿՍՊԻ-ին պատվով է անցել հավատարմագրման առաջին փուլը և լիահույս է՝ երկրորդ փուլում ևս կարձանագրվեն նկատելի բարեփոխումներ՝ այս համատեքստումկարևորելով բավականին հաճախակի միջազգային նմանօրինակ աշխատաժողովների անցկացումը:

Մինչ աշխատաժողովի աշխատանքների մեկնարկը, ՀՖԿՍՊԻ-ի և Թոմաս Մուր համալսարանի Լրագրության ֆակուլտետի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը կողմերին թույլ կտա իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, փորձի փոխանակման, ուսանողների շարժունության և մասնագիտական պրակտիկայի իրականացման ծրագրեր: Այնուհետև ներածական զեկուցումով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ համակողմանիորեն անդրադառնալով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում դասավանդման խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին: Միջազգային փորձագետ Յոհան Քլոեն, ներկայացնելով ակնկալվող կրթական վերջնարդյունքների համապատասխանեցումը բուհի առաքելությանը, բուհերի ռազմավարական բարեփոխումների տեսանկյունից խոսեց որակի ապահովման պոտենցիալ և առկա զարգացումների մասին: Ինչպե՞ս ներգրավել շահակիցներին և արդյունավետ կառավարման ինչպիսի՞ մեխանիզմներ և գործիքակազմ են հարկավոր ներդնել կրթական համակարգում՝ միևնույն ժամանակ մոտիվացնելով ուսանողներին և պլանավորելով նրանց մասնագիտական առաջընթացը. այս հարցերին իր զեկուցումներում անդրադարձավ ‹‹Դելտա սպորտ›› միջազգային կազմակերպության հիմնադիր, կրթության փորձագետ Էրիկ Թամբորին:

Լրագրության ֆակուլտետի դեկան Իրիս դե Ռուվերը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց դասավանդման, ուսումնառության և կրթական վերջնարդյունքների գնահատման մեթոդները՝ կարևորելով որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածությունը:

Աշխատաժողովի երկրորդ օրվա ընթացքում տեղի ունեցան սեկցիոն նիստեր, որտեղ մասնակիցները, ներկայացնելով սեփական փորձն ու ձեռքբերումները, մանրամասնեցին արդյունահեն դասավանդման իրենց մոտեցումներն ու մեթոդները: Ամփոփելով երկօրյա աշխատաժողովի աշխատանքները՝ փորձագետ Հիլդա Շելսը մեզ հետ զրույցում հույս հայտնեցՙ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ համագործակցային ծրագիրը մեծ ձեռքբերումներ կունենա շնորհիվ բուհում ջանասիրաբար կատարվող աշխատանքի: ‹‹Համեմատելով երկու տարի առաջ ինստիտուտ կատարած այցի տպավորությունները այն ամենի հետ, ինչ այս անգամ տեսա՝ դասավանդման մեթոդների արդիականացում, ռեսուրսների վերազինում և միջազգայնացման ծրագրերի իրականացմում, ապա կարող եմ ասել՝ բուհում որակական փոփոխությունները առավել քան ակնհայտ են ››,- իր խոսքում շեշտեց միջազգային փորձագետը:

Շնորհակալություն հայտնելով ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանին աշխատաժողովի աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար՝ Հ. Շելսը հայտնեց իր և փորձագիտական խմբի մեծ պատրաստակամությունը ընդլայնելու և զարգացնելու բուհի հետ փոխգործակցության ծրագրերը: